Փաշինյանը ջախջախված մեկն է. նրա ստորագրածը սև թուղթ է լինելու, ոչ թե խաղաղության. Աննա Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից երեկ ընդամենը մեկ բան ուներ ասելու. պետք է հայտարարեր՝ ժողովո՛ւրդ ջան, ես ձախողվել եմ, բանակցային գործընթաց գոյություն չունի, իսկ մեզ նոր պայմաններ են պարտադրում։ Ընդամենը սա պետք է ասեր, մինչդեռ խոսեց՝ բանակցային գործընթացի վերաբերյալ որևէ նոր բան չհնչեցնելով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ շարունակելով.
«Քանի որ ես այն պատգամավորներից մեկն եմ, որն ԱԳՆ-ում փաստաթղթային տարբերակից է տեղյակ, թե ի՞նչ է առաջարկում Հայաստանին Ադրբեջանը, ապա պետք է պնդեմ՝ Ադրբեջանի առաջարկած տարբերակներից որևէ մեկը ո՛չ խաղաղություն կարող է բերել, ո՛չ դառնալ հարաբերությունների կարգավորման հիմք»։
Պատգամավորի մեկնաբանությամբ, թեև Հայաստանի իշխանությունը շարունակում է խոսել, թե ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի սուվերենության ներքո, ադրբեջանական կողմն այդ կետն ուղղակիրոեն հեռացրել է առաջարկների փաթեթից՝ տեղն առաջարկելով խաղաղության պայմանագիր կնքել առանց այդ կետի, իսկ ճանապարհների վերահսկողության մասը թողնել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովին և կատարվող աշխատանքների արդյունքներին։
«Կա՛մ Փաշինյանը պետք է ասի՝ տապալվել եմ, կա՛մ պետք է մեղադրի այն մարդկանց, որոնց մշտապես մեղադրում է, բայց այն, որ «Զանգեզուրով միջանցք» հենց Փաշինյանից են պահանջում, դա ակնհայտ է։ Միայն Նիկոլ Փաշինյանի հետ են բանակցել 2020 թվականից, հետևապես՝ այն, ինչ ունենք, դա Նիկոլ Փաշինյանի ժառանգությունն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ պնդելով, որ այսօր բանակցային գործընթացում քննարկվում է ոչ թե Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» մի քանի ճանապարհի հարցը, այլ ընդամենը մեկ ճանապարհի հարց։
«Քննարկվում է միայն մեկ՝ Մեղրիի ճանապարհի հարցը։ Լավ, այդ ի՞նչ կերպ ես բանակցել, լավ, որքան անհեթեթ կարող է լինել քո ասած «Խաղաղության խաչմերուկը», որ բոլորը խոսել են միայն մեկ ճանապարհի՝ Մեղրիի մասին։ Կա միայն մեկ օրակարգ՝ Ադրբեջանին Մեղրիի տարածքով Նախիջևան հասնելու անխոչընդոտ ճանապարհի հարցն է»,- ասաց Գրիգորյանը: Պատգամավորի գնահատմամբ՝ տարօրինակ է, որ հիմա Փաշինյանն իր ստորագրածը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, փորձում է խմբագրել: Իսկ նման քայլի գնում է պարտված ու ձախողված մեկը։
«Փաշինյանը ջախջախված մարդ է, սպառված քաղաքական գործիչ՝ միջազգային հարթակներում՝ առավելևս։ Նրա որևէ օրակարգ որևէ մեկը չի պաշտպանում. Ինչպե՞ս է հնարավոր երեք տարի բանակցել ու մի հաղթանակ չունենալ,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով,- Նրա ստորագրածը սև թուղթ է լինելու՝ խաղաղության թղթի փոխարեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։