«Իրենց տված խաղաղությունը մեզ համար մահ է, դրա համար էլ եկեղեցին չի խոսում խաղաղության մասին». Քահանա

Վերջերս Հանրային հեռուստաընկերության  «Դիալոգ» հաղորդաշարի եթերում Տիգրան Հակոբյանը և Պետրոս Ղազարյանն անդրադարձան Վեհափառին ու հոգևորականության վարքագծին առհասարակ։ Տիգրան Հակոբյանն ասաց, որ ազգային, միջպետական կոնֆլիկտների ժամանակ միջնորդի դեր է  խաղացել նաև Հայ եկեղեցին։

«Դուք այսօր տեսեք մեր առաքելական եկեղեցու վերաբերմունքը խաղաղությանը։ Այսօր խաղաղություն բառը չես լսի ոչ մի հոգևոր հայրից։ Վեհափառ հայրապետը խոսում է գեոպոլիտիկ փոփոխությունների մասին, բայց չի խոսում խաղաղության մասին։ Այսօրվա հոգևորականներն ավելի շատ չարության լեզու են արտադրում, քան խաղաղության կոչ անում»,- նշեց Տիգրան Հակոբյանը։

Այս տեսակետը լրացրեց Պետրոս Ղազարյանը՝ նկատի ունենալով Արցախի մասին կաթողիկոսի հայտարարությունը. «Նա ասում է՝ մենք պետք է հետ բերենք և չմոռանանք»։

168.am Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հոգևորականները չեն խոսում խաղաղության մասին, այնպես, ինչպես օրվա իշխանություններն են պարբերաբար կրկնում այդ բառն ու ձևակերպումները, արդյո՞ք ընդունում է քննադատությունը, որ «ավելի շատ չարության լեզու են արտադրում, քան խաղաղության կոչ անում»։

Կարդացեք նաև

Հարցին քահանան պատասխանեց առակի միջոցով.

«Ես այսօրվա վիճակի մասին եմ խոսում. գայլերը մի նամակ են գրում ոչխարներին. «Մեր հազարամյա բարեկամությանը խանգարում են հովիվներն ու հովվաշները,  նրանց հեռացրեք ձեր կյանքից, և մենք կկնքենք հազարամյա բարեկամություն»։ Երբ  ոչխարները ստանում են նամակը, ընկնելով մեծ ցնծության մեջ՝ հեռացնում են հովիվներին ու հովվաշներին։ Այս մասին նրանք պատասխան նամակ են ուղարկում գայլերին, երբ նրանք ստանում են նամակը, անմիջապես գնում ու հոշոտում են ոչխարներին։

Հիմա այս իշխանությունների գործառույթը սա է, եկեղեցու դեմ պայքարելով՝ ուզում են  հայոց կոտորածի սկիզբը դնեն, որովհետև դա են նախապատրաստում։ Մի պետություն, թաթարական ազգ, երբ պատմության ասպարեզ է եկել, սկսել է կոտորել հային, ու այսօր եկել են հայախոս տարօրինակ գենատեսակով կենդանիներ՝ փորձում են իրենց խաղաղության կոչով ազգին թմրեցնել»,- շեշտեց քահանան։

Իրավիճակով պայմանավորված՝ Տեր Ահարոն քհն. Մելքումյանը կրկին մի առակ մեջբերեց.  «Գայլը բարձրանում է քարի վրա և, դիմելով ոչխարներին՝ ասում՝ բոլորին խաղաղությո՜ւն։ Ծեր ոչխարներից մեկը, գայլի ձայնը լսելով, ասում է, որ գայլերի տված խաղաղությունն իրենց համար մահ է, ուստի ով ինչպես կարող է, թող փրկվի»։

«Իրենց տված խաղաղությունը մեզ համար մահ է, դրա համար էլ եկեղեցին չի խոսում։ Դա պատմական հիմք ու արմատներ ունեցող ճշմարտությունն է։

Եկեղեցին այսօր որպես անառիկ պարիսպ է կանգնած հայոց մեջ, եթե եկեղեցին հանես, այլասերվածները կուտեն ամբողջ ազգը։ Առայժմ եկեղեցին իր ամրությամբ կանգնած է և դա թույլ չի տալիս։ Եկեղեցու դեմ նրանց պայքարի պատճառը հենց դա է, դա էլ իրենց կործանելու է։ Սուրբ Գիրքն ասում է՝ Եկեղեցին վեմ է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Քահանան հիշեցրեց, երբ Խորհրդային Միության հեղափոխությունն էր, չեկիստները մտել էին  եկեղեցի ու պոկել նկարները։ Այդ ժամանակ չեկիստներից մեկը սկսում է մոլագարի նման կրակել եկեղեցու պատերին, որմնանկարներին՝ անընդհատ հարցնելով՝ ո՞ւր է  ձեր Աստվածը, դե ցույց տվեք, ինչո՞ւ ինձ չի պատժում։

Ժողովրդի միջից մեկն ասում է, թե՝ քեզ արդեն պատժել է. խելքդ է առել։

«Հիմա սրանց խելքն առել է։ Մեջբերեմ Գարեգին Առաջին Վեհափառի խոսքերը.

«Այն թշնամին, որը գործում է մեր միջից, այն թշնամին, որը մեզ մեր քրիստոնեական հավատքի մեջ տկարացնում է, այդ թշնամին է, որ ամենավտանգավորն է, քանի որ այն նման է ծառի մեջից գործող որդի, որն ուտում է ավիշը և չորացնում է  ծառը»։ Շատ է նման, չէ՞, մեր այսօրվա վիճակին, թեպետ Թումանյանն ասել է, որ ներսից է գալու մեր փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

Այսօր մեր ափաչափ հայրենիքում կյանքի բոլոր ոլորտներում տիրող անհասկանալի գործընթացները պղտոր գետի ու մշուշոտ հորիզոնի պես թույլ չեն տալիս տեսնել այն ներքին նախադրյալները, ներուժը, որոնցով կարող են մեր փրկության կերպն ու ելքը ուրվագծվել և իրագործվել և ասվածը առավելաբար վերաբերում է որևէ պետության համար ամենառազմավարական՝ կրթական ոլորտին: Մեր պետության իրական տերերը նրանք են, ովքեր կրթում են մեր սերունդներին:

Վերջերս մի հեռուստաընկերության՝ թրաշով, անխնամ տեսքով հյուրը պնդում էր, որ Հայ եկեղեցին որևէ կապ չունի հայոց դպրոցի հետ: Եվ զրույցը վարող լրագրողը կա՛մ զուրկ էր անհրաժեշտ գիտելիքից, կա՛մ էլ զուրկ էր արժանապատվության զգացումից, որ չփորձեց հյուրին հրամցնել այդքան անմարսելի միակ ճշմարտությունը. Հայերենի առաջին ուսուցիչը եղել է Հայ եկեղեցու մեծ վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, ով իր սխրանքով սկիզբ դրեց հայոց դպրությանն ու դպրոցին, հայոց Ոսկեդարին, և նրա լծակիցներն ու աջակիցներն էին Վռամշապուհ արքան և Սուրբ Սահակ կաթողիկոսը»,- շեշտեց հոգևորականը:

Քահանան Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրների համատեքստում անդրադարձավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, որով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվելու քրեական պատասխանատվությունից՝ պետական բյուջե գումար վճարելով։

«Այս խառը իրավիճակում, երբ Հայաստանը չորս կողմից շրջափակված է թշնամիներով, իրավունք չունեն նման օրենք ընդունելու։ Նման օրենք կարող էր ընդունել միայն սեփական երկրի թշնամին, այսինքն՝ դրանով երևում է, թե իրենք ովքեր են։ Այս օրենքն ընդունողները հայի թշնամիներն են, այսինքն՝ փաստացի, աղքատի տղան պիտի գնա ծառայի, երկիր պահի, հարուստի տղան կյանքը վայելի։ Այդպես չի լինում, հայրենիքը բոլորինն է, ոչ թե միայն աղքատներինը։ Մենք բոլորս ենք պարտավոր մեր կյանքը հայրենիքի համար դնել, ինչպես մեր պապերն ու հայրերը։ Այս օրենքը հակահայ, հակապետական է, ինչպես իրենք են, դա իրենց էությունն է»,- եզրափակեց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվը։

Տեսանյութեր

Լրահոս