Բաժիններ՝

Չինաստանն Արամ Խաչատրյանի հոբելյանը տոնել է մրցույթով և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներով

Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ 2023-ին Չինաստանում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել. Պեկինում առաջին անգամ անցկացվել է հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթ՝ «ջութակ» մասնագիտական կարգում։

Խաչատրյանի անվան մրցույթը համատեղ կազմակերպել են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը, Չինաստանի ազգային օպերային թատրոնը և Չինաստանի պետական կառույցները։ Մրցույթի անցկացմանը Չինաստանում խրախուսել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էլ չինական կողմից հրավիրված է եղել եզրափակիչ փուլում նվագակցելու մրցույթի մասնակիցներին, ինչպես նաև հանդես գալու գալա համերգի ընթացքում։ Մրցույթն անցել է բարձր մակարդակով՝ արժանանալով այդ երկրում դասական երաժշտության սիրահարների և մասնագետների բարձր գնահատանքին։

Ստուգատեսի գալա համերգի և մրցանակաբաշխության ընթացքում Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանը բարձր են գնահատել Արամ Խաչատրյանի անունը կրող մրցույթի անցկացումը Չինաստանում՝ կարևորելով երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդումը։

Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրին կազմված է եղել հեղինակավոր երաժիշտներից՝ Յարոսլավ Նադրժիցկի, Հրաչյա Ավանեսյան, Անդրեաս Ֆլոր, Իգոր Պետրուշևսկի, Սոյոնգ Յուն և այլք։ Մրցույթին մասնակցել են ջութակահարներ ավելի քան տասը երկրից, եզրափակիչ փուլում նրանք կատարում էին Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Մրցույթում հատուկ մրցանակի է արժանացել Հայաստանը ներկայացնող երիտասարդ ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ չինական կողմի հրավերով հանդես է եկել նաև երեք համերգով։ Համերգները կայացել են դեկտեմբերի 29-ին՝ Պեկինի ազգային օպերային թատրոնում, դեկտեմբերի 30-ին և 31-ին՝ Շինջինգշան վարչական շրջանի մշակույթի կենտրոնում։ Համերգային ծրագրերում ընդգրկված են եղել նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Մաեստրո Սերգեյ Սմբատյանն ընդգծում է, որ Արամ Խաչատրյանն իր արվեստով Հայաստանում և Հայաստանից դուրս շատ մարդկանց է միավորում։ Նրա խոսքով՝ Չինաստանում կայացած մրցույթի շնորհիվ բազմաթիվ երաժիշտներ սովորեցին և իրենց ծրագրերում ընդգրկեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ դառնալով հայկական հնչյուններն աշխարհում տարածող երաժշտական դեսպաններ։

Խաչատրյանի անվան մրցույթը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները լայնորեն լուսաբանվել են չինական հեռուստաընկերություններով և զանգվածային այլ լրատվամիջոցներով։ Մրցույթի 3 փուլերի ուղիղ հեռարձակման արդյունքում արձանագրվել են ավելի քան 430 հազար առցանց դիտումներ, իսկ այլ լրատվամիջոցների միջոցով մրցույթի և Սիմֆոնիկ նվագախմբի համերգների դիտումները գերազանցել են 900 հազարը։ Դիտումների մեծ ցուցանիշը նպաստել է Խաչատրյանի արվեստի հանրահռչակմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս