Կփորձենք հասցնել Վենետիկի հանձնաժողովին ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ Քրեական օրենսգրքի դրույթը չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին. Իրավապաշտպան

Նախորդ շաբաթ հրապարակվել էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի զեկույցը: Հեղինակները նշել էին, որ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է  քաղաքական հետապնդում։

Զեկույցում մասնավորապես նշված է.

«ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտած հավաքներին մասնակցելու նպատակով «նյութապես շահագրգռելու» հանցակազմը՝ չհամապատասխանելով միջազգային չափանիշներին, կիրառվում է խիստ խտրական եղանակով։ Մի դեպքում, ընտրական գործընթացների հետ կապ չունեցող հավաքների համատեքստում, այն կիրառվում է որպես ընդդիմադիր քաղաքական գործիչներին հետապնդելու գործիք, մյուս դեպքում այն հաշվի չի առնվում, երբ առկա են իրավաչափ նպատակներ, սակայն գործողությունները իրականացվել են իշխող կուսակցության կողմից (ինչպես տեղի ունեցավ 2023 թ. Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում)։

Հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը՝ հավաքներ կազմակերպելու և դրանց մասնակցելու արգելքը, առաջին անգամ է կիրառվում Հայաստանում։ Նման պատժի կիրառումը կարող է դառնալ բացասական նախադեպ և ունենալ «սառեցնող ազդեցություն» (chilling effect)՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց և առհասարակ խաղաղ հավաքների կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ»։

168.am հետ զրույցում իրավապաշտպան Ռաֆայել Իշխանյանը խոսելով Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումից և այդ համատեքստում Հելսինկյան կոմիտեի և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի զեկույցից, նշեց, որ  ի սկզբանե դժվար է գնահատել՝ սա քրեական գործում որևէ բան կփոխի՞, թե՞ ոչ, սակայն հույս ունեն, որ կփոխվի։ Թե ինչով, իրապաշտպանը մատնանշում է այն, որ սա իրազեկման ֆունկցիա է կատարում։

«Ամենակարևորն այն է, որ մենք նպատակ ունենք, որ այս զեկույցի միջոցով կարողանանք հասցնել Վենետիկի հանձնաժողովին ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, որոնք նախնական կարծիքով հավանություն են տվել ամբողջ փաթեթին՝ չանդրադառնալով այդ օրենսգրքին։ Որպեսզի անդրադարձ կատարվի, կամ ինչ-որ պարզաբանում տրվի, կամ լրացում լինի, որով կարձանագրվի, որ ի սկզբանե ուղարկված օրենքի նախագիծը, որը դարձավ օրենք՝ չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Վերջնական նպատակն այն է, որ ցանկանում ենք, որպեսզի օրենսգրքի տվյալ դրույթի կիրառումը դադարեցվի, այն չի համապատասխանում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, միջազգային լավագույն փորձին և այլն»,- նշեց Ռաֆայել Իշխանյանը։

Ըստ իրավապաշտպանի՝ ամենաարդյունավետ տարբերակը նման կարծիք արտահայտող երկու հանձնաժողովների պարզաբանումը կլինի։

«Մեր նպատակն այն է, որ հասնենք այս օրենքի դադարեցմանը, կանխարգելենք, որ հետագայում նման օրենքներ չընդունվեն, որոնք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, սահմանափակում են մարդու իրավունքները։

Հիմնական աշխատանքը լինելու է միջազգային այդ երկու կազմակերպությունների հետ»,- հավելեց Ռաֆայել Իշխանյանը։

Հարցին՝ այսօրվա դատական համակարգը հաշվի առնելով, զեկույցը որևէ  բան կարո՞ղ է փոխել, իրավապաշտպանը պատասխանեց, որ դատական համակարգի առումով դժվար է ասելը։

«Չեմ կարծում, որ դրան անդրադարձ լինի, կամ դատարաններն առհասարակ կիրառելի կհամարեն հասարակական կազմակերպությունների զեկույցը՝ ինչը վերաբերում է մարդու իրավունքների սահմանափակումներին։ Այստեղ առաջնային աշխատանքն այն է, որ Հայաստանը միջազգային տարբեր մարմինների միանալով՝ որոշակի հանձնառություններ է ստանձնել։ Այսինքն՝ նույն այդ պայմանագրերի հիման վրա գործող մարդու իրավունքների վերաբերյալ կազմակերպությունների արձագանքն է կարևոր։ Իհարկե, հետևողական աշխատանք է պետք, կարծում եմ՝ որոշակի արձագանք կարող է լինել։ Դատական համակարգի անկախության խնդիրները, բնականաբար, ազդելու են դրա վրա, բայց պետք է փորձենք»,- եզրափակեց Ռաֆայել Իշխանյանը։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակվեց 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով:

Դատարանը Չալաբյանին նաև արգելեց մասնակցել հավաքներին և այլ հանրային միջոցառումներին, ինչպես նաև վայրը փոփոխել առանց իր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության։

Նա մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս