Ալիևը շատ լավ հաշվարկում է և հակված է այս իրավիճակում ոչ թե խաղաղություն հաստատել, այլ ստանալ հնարավորինս շատ բան․ Եվսեև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարեց, որ Բաքուն մտադիր չէ զորքերը հայելային տարբերակով հետ քաշել։ «Մի քանի գործընկերներ ինձ խնդրեցին, որ կողմերի զորքերը հայելային հետ քաշվեն։ Հարցրեցի՝ ո՞ւր գնանք, ասացին՝ այնտեղ, որտեղից եկել եք։ Բաքվից ենք եկել, Բաքո՞ւ վերադառնանք։ Այս տարածքներում 30 տարի չենք եղել, եթե այս տարածքները սահման լինեին, և Հայաստանը դա ճանաչեր որպես սահման, ապա նա դա կնշեր, բայց Հայաստանը դա սահման չի համարում, կարծում է, որ իր սահմանն Աղդամում է. Իմ հարցին ոչ ոք այդպես էլ չպատասխանեց, հետևաբար՝ մենք ոչ մի քայլ հետ չենք գնա ո՛չ 2021-ի մայիսին, ո՛չ էլ 2022-ի սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից, քանի որ սահմանը պետք է արձանագրվի»,- հայտարարել էր նա օրերս տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։
Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի «պահանջներն անհիմն են, քանի որ պայմանական սահմանի տարածքում բնակավայրեր չկան»։ «Հայաստանն, իր հերթին, օկուպացման տակ է պահում մեր գյուղերը, և դա անընդունելի է: Կարծում եմ, որ այս ամսվա վերջին կլինի հանձնաժողովի նիստ, որտեղ հստակություն կմտցվի այս հարցում»,- նշել է Ալիևը։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական, քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը փորձեց բացատրել Ալիևի այս դիրքորոշման և հայելային հետքաշման Փաշինյանի առաջարկի մերժման պատճառը։
Նրա դիտարկմամբ՝ նախ Ալիևը գնում է Հայաստանին մինչև ադրբեջանական բոլոր պահանջների վերջ՝ զիջումներ պարտադրելու ճանապարհով։
«Իսկ այդ պարտադրանքը եղել է ոչ միայն չբանակցվող դիրքորոշումների, այլև ուժային պարտադրանքի տեսքով, որը դրսևորվել է հայ-ադրբեջանական բանակցությունների բոլոր բաղադրիչների վերաբերյալ, ինչպես ԼՂ-ի ուղղությամբ, սահմանազատման և այլն»,- ասաց նա։
Այս տրամաբանության ֆոնին, նրա խոսքով, հասկանալի է, որ ՀՀ-ից հնչող բոլոր առաջարկները, ՀՀ բոլոր դիրքորոշումները մերժվում են, քանի որ Ադրբեջանը պատկերացնում է, որ պատերազմում հաղթել է ու պետք է շարունակի պահանջել ու նոր հաղթանակներ գրանցել այս ռազմավարությամբ։
«Սա հաջողվում է, որովհետև չկա բավարար արձագանք աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից, որևէ մեկը մտադրություն չունի վատթարացնել իր հարաբերությունները ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ։ Ադրբեջանն իր հաղթանակի ու Թուրքիայի անվերապահ աջակցության պայմաններում գերվստահ է զգում, օգտվելով նաև միջազգային հարաբերությունների իրադրությունից։ Աշխարհը գտնվում է համաշխարհային պատերազմի շեմին՝ Արևմուտք-Ռուսաստան, Իսրայել-Համաս-Հըզբոլլահ, ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Եմեն։ Չկա որևէ խաղաղ տարածաշրջան։ Ալիևն ամեն ինչ շատ լավ հաշվարկում է և հակված է այս իրավիճակում ոչ թե խաղաղություն հաստատել, այլ ստանալ հնարավորինս շատ բան Հայաստանից։ Եվ այդ հարցազրույցից տեսանք, որ պահանջները չեն ավարտվել, թեև Ադրբեջանը կարողացավ վերահսկողության հասնել ողջ Ղարաբաղի նկատմամբ»,- ասաց Եվսեևը։
Վերլուծաբանի տպավորությամբ, այս ընթացքում ադրբեջանական կողմը փորձել է ապացուցել, որ այն հատվածներում, որ առաջ է եկել պատերազմից հետո ժամանակ առ ժամանակ, սահմանազատման ենթակա տարածքներն են։
«Սակայն, եթե կա բանակցային գործընթաց, ապա սա սխալ դիրքորոշում էր և հայելային հետքաշման առաջարկը տեղին չէր։ Այստեղ պետք է լիներ պահանջ՝ լքել այդ տարածքները, քանի դեռ չի սկսվել սահմանազատման գործընթացը։ Պետք էր այս ուղղությամբ ակտիվ դիվանագիտական աշխատանք գործընկերների հետ, քանի որ խախտվել էր, ըստ հայկական կողմի, ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Այս դեպքում ՀՀ իշխանությունները, իհարկե, բացառիկ պահանջկոտություն ցուցաբերեցին միայն ՀԱՊԿ-ի հանդեպ։ Գուցե ներկայումս ԵՄ-ն ու ԱՄՆ-ը Հայաստանին օգնեն լուծել հետքաշման հարցը, որից հետո սահմանազատմանն անցնել։ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն արել են որոշ հայտարարություններ, բայց նրանց իրական քաղաքականությունը ՌԴ քաղաքականությունից բարենպա՞ստ է Հայաստանի համար։ Ոչ, պարզապես ՀՀ-ին ցանկանում են կտրել ՌԴ-ից, անում են դատարկ հայտարարություններ ու քայլեր, իսկ իրականությունը Հրվ. Կովկասում չի փոխվում»,- ասաց Եվսեևը։
Եվ այն, որ բանակցությունները չեն հաջողվում, ապա այլևս դրանում, ըստ Եվսեևի՝ հնարավոր չէ մեղադրել ՌԴ-ին, քանի որ նույնիսկ ԱՄՆ Պետդեպն է ասում, որ ՌԴ-ն չի խոչընդոտում ԱՄՆ միջնորդությանը և ողջ պատասխանատվությունն ԱՄՆ-ի ու կողմերի վրա է։