Բանակում արատավոր երևույթների լուծումը կանոնակարգային հարաբերությունների ստեղծումն է, պետք է լինի խղճի դիկտատուրա. Խաչատուր Գասպարյան
Հունվարի 9-ին ՊՆ N զորամասում տարբեր ժամերի գրանցվել էր երկու զինծառայողների մահվան դեպք։ Ինչպես տեղեկացրել էր Պաշտպանության նախարարությունը՝ հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Նույն օրը N մարտական դիրքում ժամը 06:20-ի սահմաններում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
168.am–ի հետ զրույցում ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը խոսելով բանակում նման միջադեպերը կանխելու կամ առնվազն նվազեցնելու քայլերի մասին, ասաց՝ գլխավոր ու միակ լուծումն այն է, որ ստեղծվեն կանոնկարգային հարաբերություններ։
«Այսինքն՝ պետք է լինի ոչ թե դիկտատուրա, այլ խղճի դիկտատուրա, որտեղ իրոք վերևից ներքև են հրամաններն արձակվում, բայց ամեն ինչ կանոնակարգային է։ Գիտեք, որ հաճախ մեր հասարակության մեջ արատավոր շատ հարցեր կան, այդ թվում՝ հեղինակություններ, փոխհարաբերություններ, որոնք նաև ներթափանցում են բանակ։ Կարծում եմ՝ խնդիրներից մեկը հենց սա է, որ հասարակության մեջ եղած սոցիալ-հոգեբանական արատավոր երևույթները շարունակում են մտնել բանակ ու գործել բանակային կյանքում։
Երկրորդ պատճառն այն է, որ մենք պարտություն կրեցինք վերջին պատերազմներում, որի դեպքում ազգովի պետք է հակազդում ունենայինք։ Երկարատև ժամանակահատվածում դա կարող է միավորվել լծվելու համազգային հարցերի լուծմանը, ստեղծելու ամուր պետություն, ինչպես գիտենք, նման բան եղել է Ճապոնիայում և Գերմանիայում պարտություններից հետո։ Բայց կարճատև ռեակցիաների մեջ կարող է լինել ապակառուցողական կամ դեստրուկտիվ վարքի դրսևորումներ, որովհետև մենք չենք կարողացել թշնամուն պատասխանել տեղի ունեցածի համար։ Հետևաբար, որպես թիրախ՝ թշնամու փոխարեն կարող ենք ընտրել մեր ոչ շատ վտանգավոր ծառայակիցներին, ընտանիքի անդամներին, միայն բանակում չէ, որ նման բան է տեղի ունենում»,- նշեց հոգեբանը։
Նրա բնորոշմամբ՝ հոգեբանական գիտության մեջ գոյություն ունի տեսակետ, որ ուժեղ տրավմաներից, պատերազմներից հետո ավելանում են ապակառուցողական վարքի ձևերը՝ խաղամոլություն, թմրամոլություն, ալկոհոլիզմ, ինքնասպանություններ և այլն։
Հարցին՝ այս ամենը հաշվի առնելով՝ արդյո՞ք պատերազմից հետո հոգեբաններն ակտիվորեն չպետք է աշխատեին բանակում զինվորների հետ, Խաչատուր Գասպարյանը պատասխանեց՝ պարզ է, որ շատ անելիքներ կան՝ բանակում ապահովության, հասարակության մոտ բանակի վարկանիշը բարձրացնելու առումով։
«Շատ հարցեր կան, որոնք ոչ միայն հոգեբանական, այլև սոցիալական հարցեր են, սակայն հոգեբանական հարցերն այստեղ թիրախային են։ Առանց հոգեբանական խնդիրների լուծման, մնացած հարցերը թերի կլինեն, հոգեբանությունն ամբողջի կարևորագույն մասն է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հարցին, թե որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի պատերազմից հետո մարդկանց մոտ հոգեբանական խնդիրները հարթվեն, և մարդիկ վերադառնան բնականոն կյանքին, Խաչատուր Գասպարյանը պատասխանեց, որ գործընթացները զուգահեռաբար են տեղի ունենում։
«Ինչ-որ մարդ ընտրում է կոնստրուկտիվ ռազմավարություն, վերագնահատում են ամբողջ տեղի ունեցածը, իր կյանքում նոր էջ է սկսում, իսկ ինչ-որ մեկն էլ շարունակում է մնալ անցյալի տրավմաների ազդեցության ճիրաններում և չի կարողանում ձերբազատվել բոլոր տեղի ունեցածներից՝ նորից ու նորից վերապրելով այդ ամենը։ Սա տրավմաների մեջ ականապատված մնալու տակտիկա է, որը հեռանկարային չէ ու լավ հետևանքների չի բերում։ Այդ ժամանակ է, որ մարդը երբեմն դիմում է ալկոհոլին, որպեսզի կարողանա կպչուն հիշողություններից ազատվել: Այդ ժամանակ է, որ նա դառնում է՝ երբեմն ագրեսիվ, երբեմն՝ ինքնագրեսիվ։ Այսինքն՝ ագրեսիան կարող է երկու ճանապարհ ստանալ, կա՛մ ինքն իր նկատմամբ, կա՛մ այլ մարդկանց»,- եզրափակեց Խաչատուր Գասպարյանը։