Կվճարեք տուգանքի 50 %-ը, եթե Ոստիկանությանը տեղեկացնեք՝ պատրաստ եք ծանուցումները ստանալ մեյլով՝ թղթային տարբերակի փոխարեն
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր կառավարության նիստում նախագիծ ներկայացրեց, ըստ որի՝ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70 տոկոսը, մյուս կեսը կհամարվի վճարված:
Նախագծով սահմանվում է, որ տուգանքի ծանուցումները էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում քաղաքացու տուգանքը սահմանված գումարի չափից 20 տոկոսով պակաս կլինի։
Ղազարյանը նշեց, որ եթե տուգանքների հետ կապված նախկինում կուտակված պարտքեր կան, հիմա առաջարկվում է, որ եթե քաղաքացին օրենքի ընդունման պահից իր՝ ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 50 տոկոսը վճարում է, պարտքը զրոյանում է։
«Այս դեպքում կա ժամկետային կանոն, այն է՝ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետ։ Պետք է նշեմ, որ ներկայացված իրավախախտմա նորմերը տարածվում են առավելապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում կատարված վարչական իրավախախտումների վրա»,- նշեց Վահե Ղազարյանը։
Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ եթե քաղաքացին roadpolice.am կայքում է գրանցվում ու ասում է, որ իր տուգանքներն ուղարկեն էլեկտրոնային հասցեով, տուգանվածից 20 տոկոս զեղչ կստանա բոլոր դեպքերում։