Եթե Ադրբեջանը մուտք ունենա դեպի հայկական հաղորդակցություններ, ապա Հայաստանը նույնպես պետք է կարողանա օգտվել Ադրբեջանի երկաթուղիներից․ Միրզոյան

«Խաղաղությունը միայն կրակոցների բացակայությունը չէ»,- այս մասին այսօր պաշտոնական այցով Երևան ժամանած Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական գործընթացին։

Միրզոյանը նշեց, որ նախորդ տարվա վերջին ամիսներին Ադրբեջանը ապակառուցողականություն է ցուցաբերել և հրաժարվել մի շարք հանդիպումներից, սակայն զուգահեռաբար՝ նաև ոչ կառուցողական մթնոլորտում Բաքվից տեսել են կառուցողական քայլեր, օրինակ՝ գերիների ազատ արձակման հարցում։

Նա նաև հավելեց, որ առաջարկներով են փոխանակվել Երևանն ու Բաքուն, և Երևանն իր պատասխանը փոխանցել է հունվարի 4-ին։ Սակայն Միրզոյանն ասաց, որ ադրբեջանական առաջարկներում բովանդակային առումով որոշակի հետընթաց կա։ Սակայն Միրզոյանի խոսքով, կարևորը ոչ թե հետընթացն է կամ առաջընթացը, այլ հիմնարար սկզբունքների համախմբումը, որի վրա պետք է հիմնվի խաղաղության պայմանագիրը։

«Այդ սկզբունքները բազմիցս հնչել են՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ առանց վերապահումների կամ երկիմաստությունների։ Սա առավելագույն հստակություն պահանջող հարց է։ Համաձայնագիրը պետք է սահմանի հստակ սկզբունքներ, որոնց հիման վրա ընթանալու է սահմանազատման գործընթացը։ Այսինքն՝ սա տարածքային ամբողջականությունն է, սահմանների անձեռնմխելիությունը և սահմանազատման սկզբունքները: Սա է Հայաստանի առաջնային պլանում»,- ընդգծեց ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ հստակության բացակայությունը պատճառ է ապագա էսկալացիաների ու ագրեսիաների համար, իսկ խաղաղության համաձայնագիրը պետք է լինի այնպիսին, որ ապագայում չկարողանա կասկածի տակ դնել կայունությունը։

Ըստ ԱԳ նախարարի, մեկ այլ կարևոր սկզբունք էլ վերաբերում է տարածաշրջանային տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը, քանի որ խաղաղությունը միայն կրակոցների բացակայությունը չէ, այլ բաց սահմանները, ապրանքների ու մարդկանց տեղաշարժը։

«Դժվար է խաղաղություն անվանել մի իրավիճակ, երբ Հայաստանը մնում է շրջափակման մեջ։ Ապաշրջափակումը նույնպես պետք է տեղի ունենա մի քանի սկզբունքներով, դրանք նույնպես հայտնի են՝ երկրների ինքնիշխանություն հաղորդակցությունների նկատմամբ, հավասարություն և փոխադարձություն։ Եթե ​​Ադրբեջանը մուտք ունի դեպի հայկական հաղորդակցություններ և երկաթուղիներ, ապա Հայաստանը նույնպես պետք է կարողանա օգտվել Ադրբեջանի երկաթուղիներից»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Բանակցությունների վերաբերյալ նա նշեց, որ դրանք, մեծ հաշվով, միշտ եղել են ուղիղ, եղել են միջնորդներ, որոնք աջակցել են կազմակերպմանը կամ փորձել են առաջարկներ ներկայացնել։

«Մենք շահագրգռված ենք շարունակել բանակցային գործընթացը։ Մենք ակնկալում ենք, որ ապագայում Բաքուն կհամաձայնի շարունակել հանդիպումներն ու բանակցությունները»,- ամփոփեց Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս