ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել հրազենային վիրավորումից 2 զինծառայողի մահվան դեպքերի վերաբերյալ
Մահացու հրազենային վիրավորումով զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Միջադեպերից մեկով գրություններ են ուղարկվել Պաշտպանության նախարարություն և Գլխավոր դատախազություն: Մյուս դեպքով ևս ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:
«Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերն անթույլատրելի են և խիստ մտահոգիչ: Չափազանց կարևոր է իրավասու պետական մարմինների կողմից նման գործերով արդյունավետ քննության իրականացումը, ինչպես նաև համանման դեպքերի կանխարգելմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ձեռնարկումն ու այդ նպատակով ամբողջական և պատշաճ կառուցակարգերի գործարկումը։
Այս հանգամանքը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ընդգծվել է բազմիցս, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կազմակերպվել են քննարկումներ, ներկայացվել են խնդրի լուծմանն ուղղված առաջարկություններ։
Պաշտպանը հետևողական է լինելու ինչպես վերոնշյալ, այնպես էլ ոլորտում առկա, այդ թվում՝ ԶՈՒ կարգապահությանն առնչվող խնդիրների հասցեավորմանն ու դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հունվարի 9-ին պաշտպանության նախարարությունը հայտնել է հրազենային վիրավորումից 2 զինծառայողի մահվան մասին։ Նախ ՊՆ-ն հայտնեց, որ մարտական դիրքում հունվարի 9-ին ժամը 06:20-ի սահմաններում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այնուհետև տեղեկություն տարածվեց, որ ժամը 11:30-ի սահմաններում ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: