Բաժիններ՝

Անհիշաչարության մասին

Ծերերից մեկն ասաց. «Տեսա երիտասարդներից ոմանց, որ ծերերին դեպի կյանք էին առաջնորդում: Քանզի մի ծեր հարբեցող կար, որ օրական մի խսիր էր գործում և վաճառում ու այդ գնով գինի էր ըմպում: Հետո եկավ մի երիտասարդ եղբայր և բնակվեց նրա մոտ, որը նույնպես օրական մի խսիր էր գործում, իսկ ծերը երկուսն էլ տանում էր գյուղ, վաճառում, գինի էր գնում, ըմպում ու հարբած վերադառնում, իսկ եղբորը երեկոյան չորացած հաց էր տալիս:

Այդպես վարվեց ծերը երեք տարի, իսկ եղբայրը համբերում էր և ոչինչ չէր ասում: Երեք տարի հետո եղբայրն իր մտքում ասաց.

«Մերկ եմ ամբողջովին և հաց իսկ չունեմ. գնամ ուրիշ տեղ»: Եվ դարձյալ ասաց. «Ո՞ւր գնամ. մնամ այստեղ, որովհետև հանուն Աստծո եմ մնում և աշխատում»: Եվ երևաց նրան հրեշտակն ու ասաց.

«Մի՛ գնա այստեղից, քանզի վաղը կգամ քեզ մոտ»: Իսկ եղբայրը, երբ լսեց այս, հասկացավ իր կանչվելը, աղաչեց ծերին և ասաց. «Այսօր գյուղ մի՛ գնա և ինձ մի՛ թող, որովհետև ահա գալու են վերցնելու ինձ»: Ծերն ասաց. «Այսօր չեն գա, քանզի ուշացան»:

Իսկ եղբայրն ասաց. «Ահա եկան», և իսկույն ննջեց: Եվ ծերը տեսնելով` սկսեց ողբալ և ասել. «Վա՜յ ինձ, որդյա՛կ, քանզի ես բազում տարիներ հեղգությամբ վատնեցի, իսկ դու քիչ ժամանակում քո հոգին ապրեցրիր քո համբերությամբ»: Եվ դրանից հետո ծերը սկսեց բարեպաշտությամբ կենցաղավարել և ընտիր ճգնավոր դարձավ:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

surbzoravor.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս