Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է երկրի 2024 թվականի բյուջեն

Կոնգրեսում Հանրապետական ​​և Դեմոկրատական ​​կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնության են եկել 2024 թվականին դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորման հարցի շուրջ։ Այդ մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Ֆինանսավորման երկկուսակցական նախագիծը, որը Կոնգրեսում համաձայնեցրել են առաջնորդները, մեզ մոտեցնում է այն բանին, որպեսզի կանխենք կառավարության աշխատանքի անհարկի դադարեցումը և պաշտպանենք ազգային կարևոր առաջնահերթությունները», – նշել է Բայդենը:

Նրա խոսքով՝ ֆինանսավորման նախագծով նախատեսված բյուջեն համապատասխանում է Սպիտակ տան պահանջներին։

Ինչպես նշում է Reuters գործակալությունը, վկայակոչելով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին, ԱՄՆ կառավարության ընդհանուր բյուջեն 2024 թվականին կկազմի 1,6 տրիլիոն դոլար։ Դրանից 886 միլիարդ դոլարը կուղղվի պաշտպանական ծախսերին, 704 միլիարդը՝ այլ ծախսերի։

2023 թվականի նոյեմբերին Բայդենը ստորագրել է Կոնգրեսի երկու պալատների կողմից հաստատված օրինագիծը՝ դաշնային կառավարության աշխատանքի ժամանակավոր ֆինանսավորման մասին։ Սպասվում էր, որ եթե ԱՄՆ իշխանությունները չկարողանային նոր համաձայնությունների հասնել հանրապետականների հետ, 2024 թվականի հունվարի 19-ից հետո կառավարության աշխատանքի համար միջոցների հատկացումը կարող էր մասամբ դադարեցվել։ Դա կհանգեցներ կառավարության մի քանի ծրագրերի և գերատեսչությունների աշխատանքի դադարեցման, որոնք զբաղվում են այդ թվում՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, ռազմական շինարարության, տրանսպորտի և բնակարանաշինության հարցերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս