ՔՊ-ի նոր գրասենյակը՝ Կառավարության շենքի մոտ․ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի նոր հարևանը․ «Հետք»
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կառավարության շենքի հարևանությամբ նոր գրասենյակ ունի։ Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքում մի քանի ամիս է վերանորոգման աշխատանքներ են ընթանում, դրանք ավարտական փուլում են։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
843 քմ մակերես ունեցող շենքը ՔՊ-ն վարձակալել է 2022 թ․-ին։ Ենթադրվում է, որ վերանորոգումից հետո այն կդառնա ՔՊ-ի կենտրոնական գրասենյակը, քանի որ գտնվում է Կառավարության շենքից մոտ 70 մետր հեռավորության վրա։ Կուսակցության գլխավոր գրասենյակն այժմ տեղակայված է Սայաթ-Նովա պողոտայի վերջնամասում։
Վարձակալված տարածքում տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակն էր։ Այդ շենքի հետնամասում՝ Մելիք Ադամյան փողոցում է տեղակայված «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակը։ ՔՊ-ի նոր գրասենյակի հարևանությամբ գտնվում է նաև ՀՅԴ-ի գրասենյակը։
Ի դեպ, վերանորոգման ժամանակ հատվել է շենքին կից գտնվող սաղարթախիտ թթենին։ Այն հատվել է, հավանաբար, ամանորյա օրերին, քանի որ հաստաբուն ծառի կտրված հատվածը թարմ է։
Պետական գույքի կառավարման կոմիտեից խոստացան վարձակալության պայմանագրի արժեքի մասին տեղեկատվությունը տրամադրել գրավոր հարցմամբ։ Այդուհանդերձ դեռևս 2020 թ․-ին նույն տարածքը Կոմիտեն վարձակալության էր տրամադրում ամսական 4 միլիոն 448 հազար դրամով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի ողջ տարածքում ընդհանուր 47 գրասենյակ ունի, բոլորը՝ վարձակալական հիմունքներով։ Դրանցից 13-ը գտնվում է Երևանում։ 2023 թ․-ի օգոստոսի դրությամբ ՔՊ-ն կուսակցության անդամներից և նվիրատուներից ստացել է 586 միլիոն դրամ եկամուտ։ Ազգային ժողովից էլ ստացել է 287 միլիոն դրամ աջակցություն (Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը պետական ֆինանսավորում են ստանում)։