Բաժիններ՝

Հայաստանի բասկետբոլի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլում պայքարելու է առաջին տեղի համար. Արթուր Նազարյան

Հայաստանի բասկետբոլի հավաքականի խնդիրն աշխարհի առաջնության ընտրական փուլում մեկն է լինելու` դուրս գալ հաջորդ փուլ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ընտրանու առաջիկա խաղերի մասին խոսեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

«Այժմ բասկետբոլի հավաքականի անդամները հանդես են գալիս իրենց ակումբներում, քանի որ, ի տարբերություն այլ թիմային մարզաձևերի, բասկետբոլում ձմեռային դադարը կարճ է: Աշխարհի առաջնության ընտրական փուլի նախապատրաստական հավաքը կտևի 4-5 օր, և ամբողջ թիմը կհավաքվի հենց Վիեննայում: Կազմը կլինի գրեթե նույնը, որով հաղթել ենք փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում»,-ասաց նա:

Նազարյանի խոսքով` հավաքականում կան վնասվածքներ ունեցող բասկետբոլիստներ, որոնք քիչ չեն: Ընտրանու կազմում նոր անունները կլինեն, որոնք հնարավորություն էին ստացել հավաքականում հանդես գալ դեռևս նախորդ տարի ամռանը կայացած ընկերական խաղերում:

«Հայաստանի բասկետբոլի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլում պայքարելու է առաջին տեղի համար: Մեր ենթախմբի թիմերը հավասարազոր հավաքականներ են: Առավել մեծ փորձ ունի Ավստրիան, իսկ Ալբանիան նորեկ չէ այս մակարդակում»,-ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Անդրադառնալով Ալբանիայի դեմ Երևանում կայանալիք խաղին` Նազարյանն ընդգծեց, որ հայ երկրպագուն բացառիկ հնարավորություն ունի ականատեսը լինելու «մեծ բասկետբոլի»:

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը 2024 թվականի փետրվարին մեկնարկելու է աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում: C ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները լինելու են Ավստրիայի և Ալբանիայի թիմերը (22.02.2024 Ավստրիա-Հայաստան, 25.02.2024 Հայաստան-Ալբանիա, 24.11.2024 Հայաստան-Ավստրիա, 20.02.2025 Ալբանիա-Հայաստան):

Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 10 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը և երկրորդ հորիզոնականում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս