Կառավարությունն ինքն էլ չի հավատում
Տնտեսական աճի այս տարվա սպասումները լավատեսական չեն։ Կառավարությունը նախատեսում է 7 տոկոս աճ ապահովել, բայց ինքն էլ չի հավատում դրան։
Կանխատեսումներն ավելի ցածր են, քան պետական բյուջեում դրված թվերը։
Նախորդ երկու տարիներին, հայտնի պատճառներով գրանցված աճերից հետո, այս տարի մեծ սպասելիքներ չկան։
Կառավարության հույսը կրկին արտաքին գործոններն են, որոնք, սակայն, էապես թուլացել են։ Բարձր աճերի հնարավորությունները նվազել են։
Բոլոր կանխատեսումներով, Հայաստանի այս տարվա աճի հավանականությունը կառավարության նախատեսածից ցածր է։ Հիմնական սպասումները 5 տոկոսի սահմաններում են։ Այդպիսին են մասնավորապես միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատականները։
Արժույթի Միջազգային Հիմնադրամի գնահատումներով, տնտեսական աճը Հայաստանում անհամեմատ ավելի փոքր կլինի, քան նախորդ երկու տարիներին։
Հիշեցնենք, որ 2022թ. Հայաստանում արձանագրվեց երկնիշ՝ 12,6 տոկոս աճ։ Անցած տարի աճի տեմպը բավականաչափ ընկավ, հատկապես՝ տարվա երկրորդ կեսին, երբ սկսեցին դրսևորվել նախորդ տարվա բարձր աճի բազային ազդեցությունները։ Ըստ այդմ, տնտեսական աճի տեմպն աստիճանաբար նվազեց։
Դեռ տարեկան տվյալները չեն ամփոփվել, սակայն սպասվում է, որ տնտեսական աճը կլինի 7-8 տոկոսի սահմաններում։
Եվ սա՝ այն պարագայում, երբ տարեսկիզբը, նախորդ շրջանի ցածր բազայի արդյունքում, բավական նպաստավոր էր բարձր աճեր գրանցելու համար։ Այս տարի նման հնարավորություն կառավարությունն այլևս չի ունենա։
Արտաքին գործոնները, որքան էլ շարունակում են վճռորոշ դեր կատարել, դադարել են նախկինի նման բարձր աճեր ձևավորել Հայաստանի տնտեսության մեջ։ Մեծացել են ռիսկերը նույնիսկ դրանց նախորդ տարվա մակարդակում պահպանման առումով։ Անցած տարվա վերջին մի շարք առանցքային ուղղություններով անգամ նվազումներ գրանցվեցին։
Բարձր է հավանականությունը, որ այդ միտումները կտեղափոխվեն այս տարի։ Իսկ դա նշանակում է, որ այս հատվածում կարող են լուրջ անակնկալներ լինել։
Սա է պատճառը, որ այս տարվա տնտեսական աճի սպասելիքները միջազգային կառույցների շրջանում բավական համեստ են։
ԱՄՀ-ն այս տարի Հայաստանում ընդամենը 5 տոկոս տնտեսական աճի հավանականություն է տեսնում։
Այդպիսին կամ դրան մոտ են նաև մյուս միջազգային ֆինանսական կառույցների գնահատականները։
Համաշխարհային բանկի կանխատեսումները նույնիսկ ավելի հոռետեսական են։
ՀԲ-ն այս տարվա համար Հայաստանում ընդամենը 4,3 տոկոս աճի հավանականություն է տեսնում։
Սա նույնիսկ ավելի ցածր է, քան Հայաստանի տնտեսության աճի պոտենցիալն է։
Նշենք, որ Հայաստանի տնտեսության աճի պոտենցիալը գնահատվում է 4,5 տոկոս։
Հայաստանի տնտեսության այս տարվա աճի հավանականությունն Ասիական զարգացման բանկի մասնագետների կանխատեսումներով՝ կարող է լինել 5,5 տոկոս։
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատականների համեմատ, ավելի լավատեսական են Կենտրոնական բանկի սպասելիքները։ ԿԲ-ն անցած տարվա վերջին նույնիսկ 0,5 տոկոսային կետով բարձրացրեց նախորդ կանխատեսման ցուցանիշը։ Նախկին 5,6 տոկոսի փոխարեն՝ Հայաստանի գլխավոր ֆինանսական կառույցն ակնկալում է, որ տնտեսական աճը կլինի 6,1 տոկոս։
Թե ինչի՞ վրա է հիմնված Կենտրոնական բանկի սպասումների բարելավումը, ժամանակը ցույց կտա։ Բայց այն, ինչ ակնկալում է, զգալիորեն բարձր է՝ ԱՄՀ, ինչպես նաև՝ ՀԲ կանխատեսումներից, չնայած 0,9 տոկոսային կետով ցածր է, քան կառավարությունը պլանավորել է պետական բյուջեով։
Կառավարությունը պլանավորել է 7 տոկոս աճ, որին, թերևս, ինքն էլ չի հավատում։ Դա ժամանակին խոստովանեց նաև ֆինանսների նախարարը։
«Մեր կարծիքով` կառավարությունը պետք է արագացնի ռեֆորմներ անելու իր տեմպերը։ Այն տեմպերը, որով հիմա ռեֆորմներն արվում են, բավարար չեն այդպիսի արագացում վերցնելու համար։
Մենք պետք է ապահովենք ներդրումների աճ և արտահանման շարունակվող բարձր մակարդակ»,- պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարարը։
Նախատեսված տնտեսական աճն ապահովելու համար, նախարարի մատնանշած բոլոր ուղղություններով ռիսկերը բավական մեծ են։ Բարեփոխումները, եթե դրանք կարելի է նույնիսկ այդպես անվանել, շատ դեպքերում ձևական բնույթ են կրում։ Անգամ ծիծաղելի է դրանցից տնտեսական արդյունք ակնկալելը։
Ինչ վերաբերում է զուտ տնտեսական միջավայրից թելադրված ակնկալիքներին, որոնք պետք է թույլ տան ապահովել կառավարության նախատեսած 7 տոկոս տնտեսական աճը, ապա դրանք, մեղմ ասած, հուսալի չեն։ Հատկապես արտահանումների շարունակական աճի ապահովման առումով։
Հայտնի է, որ գերազանցապես վերարտահանումների վրա հիմնված մեր արտաքին առևտրի աճերը, որոնք ռեկորդային մակարդակի են հասել, աստիճանաբար բախվում են խնդիրների հետ։ Անցած տարվա վերջին առանձին ամիսներին նույնիսկ արտահանման անկումներ գրանցվեցին։
Մեծացել են ռիսկերը՝ կապված Ռուսաստանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցները շրջանցելու հետ։ Վերջերս նոր սահմանափակումներ մտցվեցին ռուսական որոշ ապրանքների, այդ թվում՝ ադամանդի արտահանումների նկատմամբ, որը մեծապես կարող է ազդել մեր արտաքին առևտրի ու արտահանման շրջանառությունների վրա։
Ինչպես հայտնի է, թանկարժեք քարերի արտահանումը Հայաստանից վերջին երկու տարիներին անգամներով ավելացել է։ Այն նույնիսկ դարձել է արտահանման առաջատարը՝ հետ թողնելով հանքահումքային ապրանքներին։ Բայց այնպես չէ, որ թանկարժեք քարերի արտահանման այդ աճերը տեղի են ունեցել մեր տնտեսության արտադրական կարողությունների ու արտահանման ծավալների ավելացման հաշվին։ Դրանք գերազանցապես ռուսական ադամանդի վերարտահանումների արդյունք են։
Ու եթե հանկարծ խնդիրներ ծագեն այս տարի դրանց վերարտահանումների առումով, ինչը միանգամայն իրատեսական է, ապա, ինչպես արտաքին առևտուրի, այնպես էլ՝ արտահանման տեմպերը մեծապես տուժելու են։
Տուժելու է նաև այս հատվածից փոխանցվող ազդեցությունը, որը վերջին երկու տարիներին դարձել էր Հայաստանի տնտեսության բարձր աճի առանցքային գործոններից մեկը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ