Վրաստանում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը՝ 2023 թվականին
2023 թվականին լրագրողների նկատմամբ բռնության և ոտնձգության շուրջ 45 դեպք է արձանագրվել: Այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) վերջին զեկույցում:
Ըստ ՀԿ-ի՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես հարձակվել են իշխող կուսակցությանը քննադատող լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա՝ ֆիզիկական և բանավոր վիրավորանքներ հասցնելով նրանց։ Կազմակերպության տվյալներով, 2023 թվականին հայտնաբերվել է մինչև 45 նման դեպք։
TI-ը հիմք ընդունելով Հատուկ քննչական ծառայությունից ստացված տեղեկությունը, հայտնում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում լրագրողի մասնագիտական գործունեությանը ապօրինի խոչընդոտելու փաստի առթիվ 14 հետաքննություն է սկսվել, դրանցից 4 գործ ուղարկվել է դատարան, 9-ը գտնվում է նախաքննության փուլում։
Դեպքեր, որոնք ներառվել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» զեկույցում.
- Հուլիսին Թբիլիսիում «Ֆորմուլա» հեռուստաընկերության գրասենյակի մերձակայքում հարձակման էր ենթարկվել հեռուստաալիքի հիմնադիրներից և հաղորդավարներից Միշա Մշվիլդաձեն։ Դեպքի առթիվ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:
- Օգոստոսին, Շովիում տեղի ունեցած ողբերգության ժամանակ «Մթիս ամբեբի» ինտերնետային հրատարակության խմբագիր Գելա Մթիվլիշվիլիին պետական ծառայողը սպառնացել էր «ջուրը նետել»։
- Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մտահոգիչ նամակ է հղել միջազգային դոնորներին այն բանից հետո, երբ OC Media անկախ ինտերնետային հրատարակությունը հրաժարվել է հրապարակել իր հոդվածը:
- Հուլիսին «Պիրվելի հեռուստաընկերության» տեղեկատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեի մեքենայից արտաքին կրիչ էին գողացել, անձնական իրերին չէին դիպել:
Զեկույցում ներառվել են նաև «Մթավարի արխի», «TV Պիրվելի», «Ֆորմուլա» հեռուստաալիքների նկարահանող խմբերի վրա հարձակումների դեպքերը։