Ինչպես են Նոր տարին նշում աշխարհի տարբեր երկրներում
Ամանորը տարբեր երկրներում, բնականաբար, տարբեր կերպ է նշվում։ Որոշ երկրներում Ամանորը դիմավորում են ոչ թե դեկտեմբեր ամսին, այլ, օրինակ՝ ամռանը:
Եվրոպացիները ևս Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է:
Ամերիկայի միացյալ նահանգներում Սուրբ Ծնունդը սկսել են տոնել միայն 19-րդ դարում, իսկ մինչ այդ շատ նահանգներում այն տոնելը եղել արգելված: Ամերիկացիները Սուրբ Ծնունդին պատրաստվել սկսում են Շնորհակալության օրը տոնելուց անմիջապես հետո: Շնորհակալության օրը տոնվում է նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը: Դեկտեմբերի սկսելուն պես, վառվում են Սուրբ Ծնունդին նվիրված միլիոնավոր լույսերը. դա շատ կարևոր տոնակատարություն է յուրաքանչյուր ամերիկացու համար:
Միացյալ նահանգների նախագահը վառում է Ամերիկայի գլխավոր տոնածառի լույսերը, որը գտնվում է Սպիտակ տան հակառակ կողմում: Բոլոր 50 նահագներից Վաշինգտոն է ուղարկվում մեկ փոքրիկ տոնածառ: Հետո բոլոր տոնածառերը, որոնցից յուրաքանչյուրը կրում է մեկ քաղաքի անուն, տեղադրվում են մեծ տոնածառի շուրջը: Այլ նահանգներից Վաշինգտոն եկած ամերիկացիները շտապում են լուսանկարվել իրենց նահանգի անունը կրող տոնածառի ֆոնին: Իսկ հարավային նահագներում, օրինակ Ֆլորիդայում, զարդարում են ոչ թե տոնածառ, այլ արմավենի: Սպիտակ տանն էլ թխում են «նախագահական թխվածք»:
Քաղաքում տիրում է նախատոնական մթնոլորտ: Կարելի է լսել երգչախմբերի կատարումներ: Բեմադրվում են տարատեսակ փառատոններ: Ամերիկացիները խմում են էգ-նոգ: Սուրբ Ծնունդին հաճելի է նվերներ մատուցելը, բայց Նոր տարուն կարելի է և չնվիրել:
Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, և բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:
Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:
Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը եւ նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ: Նրան, ում բաժին է ընկնում տոնական կարկանդակի միջի հատիկը, նա դառնում է «հատիկային թագավոր», և տոնական գիշերը բոլորը ենթարկվում են նրա հրամաններին:
Բացի այդ, տոնական եղևնու մոտ դնում են փայտե կամ կավե կերպարներ: Ավանդույթի համաձայն՝ լավ գինեգործը պետք է համբուրի գինու տակառը, շնորհավորի նրա տոնը և խմի ապագա բերքի համար:
Ավստրիայում համոզված են, որ երջանիկ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ուտել խոզի գլխի մի կտոր:
Ուկրաինացիները եւս ակնհայտ երջանիկ են դառնում, երբ ճաշակում են խոզի միս:
Գերմանիայում հենց ժամացույցի սլաքները սկսում են ազդարարել կեսգիշերը, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա և ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:
Իտալիայում հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:
Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12 հատիկ:
Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր կառնավալի: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում, անվանում են Պապա Պասկուալե:
Բրազիլիայում եւս Նոր տարին նշում են նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում: Ռիո դե Ժանեյրոյի բոլոր բնակիչները հավաքվում են Կոպակոբանա հայտնի լողափում: Այդ երկրում նոր տարվա հիմնական գործող անձը պտղաբերության աստված Եմանջան է:
Կուբայում Նոր տարվա նախօրեին բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով Ազատության կղզու բոլոր բնակիչները Նոր տարուն ցանկանում են մաքուր և պարզ ճանապարհ: Իսկ մինչ զրնգում են ժամացույցի 12 զարկերը, անհրաժեշտ է ուտել խաղողի 12 հատիկ, և այդ ժամանակ բարությունը, համաձայնությունը, խաղաղությունը և բարգավաճումը կուղեկցեն ձեզ 12 ամսվա ընթացքում:
Կուբայում մանկական ամանորյա տոնը կոչվում է Թագավորների օր: Նախօրեին երեխաները «թագավորներին» նամակ են գրում և պատմում իրենց ցանկությունների մասին:
Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է: Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:
Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին:
Էկվադորում ուղիղ կեսգիշերին տիկնիկները սկսում են «այրիների ողբը», որոնք ողբում են իրենց «վատ ամուսիններին»: Որպես կանոն՝ «այրիներին» մարմնավորում են կանացի հագուստ հագած, կեղծամներով և դիմահարդարումով տղամարդիկ:
Նրանք, ովքեր ցանկանում են ամբողջ տարի ճանապարհորդել, ավանդույթը խորհուրդ է տալիս. քանի դեռ ժամացույցի զարկերը հարվածում են 12 անգամ, ճամպրուկով և մեծ պայուսակով վազել տան շուրջը:
Եթե ցանկանում եք հարստանալ գալիք տարում, անհրաժեշտ է կրել դեղին երանգներով ներքնազգեստ, իսկ եթե անձնական կյանքում երջանկություն եք փնտրում, ապա ներքնազգեստը պետք է կարմիր լինի:
Նախորդ տարվա տխուր պահերից ազատվելու համար էկվադորցիները խորհուրդ են տալիս փողոց նետել մեկ բաժակ ջուր, որի հետ կկորսվի ամբողջ վատը:
Շոտլանդիայում Նոր տարին անվանում են «Հոգմանի»: Փողոցներում տոնը դիմավորում են շոտլանդական երգերով: Ավանդույթի համաձայն՝ այդ օրը տակառներ են վառում և դրանք գլորում փողոցներով՝ այդպիսով այրելով Հին տարին և հրավիրելով Նոր տարուն:
Շոտլանդացիները կարծում են, որ ընտանիքի հաջողությունը կախված է այն բանից, թե ով առաջինն իրենց տուն կմտնի Նոր տարում: Նրանց կարծիքով՝ մեծ հաջողություն է բերում սևահեր տղամարդը, որը նվերներ է բերում իրենց տուն: Այդ ավանդույթը կոչվում է «ֆերստ ֆութինգ»:
Հյուրերը չպետք է իրենց հետ բերեն ածխի կտոր, որպեսզի գցեն ամանորյա բուխարու մեջ:
Հունաստանում մշտապես շատ հետաքրքիր են դիմավորում Ամանորը: Հույներն Ամանորին սկսում են պատրաստվել տոներից շատ առաջ: Նրանք դեկտեմբերի կեսից սկսում են զարդարել քաղաքը, խանութները, հրապարակները: Փողոցները լուսավորվում են, բազմաթիվ համերգներ ու ներկայացումներ են տեղի ունենում` ամանորյա թեմայով:
Զբոսաշրջիկները հաճախ ձգտում են այցելել Հունաստան` Ամանորն այնտեղ անցկացնելու համար:
Հունաստանում Ամանորը կամ Սուրբ Վասիլիի օրը նշվում է հունվարի 1-ին:
Հունվարի 1-ը կարևոր ամսաթիվ է հույների համար: Բացի Նոր տարվա առաջին օրը լինելուց՝ այն նաև Սուրբ Վասիլիի կամ, ինչպես հույներն են ասում՝ «Ագիոս Վասիլիսի» օրն է: Այս Սուրբը հայտնի է որպես բարերար, ով բարի և առատաձեռն է աղքատների նկատմամբ:
Աթենքում ըստ ավանդույթի` Ամանորն անց են կացնում քաղաքի գլխավոր հրապարակում` Սինտագմեում:
Հունական ավանդույթների համաձայն՝ Հունաստանի բնակիչներն Ամանորին հյուր գնալիս իրենց հետ քար են տանում, որը նետում են հյուրասեր տան շեմին:
Եթե քարը ծանր է, ասում են. «Թող տանտիրոջ հարստությունը լինի նույնքան ծանր, որքան այս քարն է»: Իսկ եթե քարը փոքր է, ապա ասում են. «Թող տանտիրոջ աչքի փուշն այնքան փոքր լինի, որքան այս քարն է»:
Հունաստանում Ամանորին օտարերկրացիներին խորհուրդ է տրվում հետևել մի շարք արգելքների. չգոռալ, չաղալ և չխմել սուրճ, տուն չթողնել սև շների, չկոտրել ամաններ և այլն:
Նեպալում Նոր տարին նշում են արևի մայր մտնելուց հետո: Գիշերը՝ Լիալուսնի ժամանակ, նեպալցիները խարույկներ են վառում և դրա մեջ նետում անպիտան իրերը: Հաջորդ օրը սկսվում է Գույների տոնը: Մարդիկ ներկում են դեմքերը, ձեռքերը, կուրծքը և երգում ու պարում փողոցներում:
Հարավաֆրիկյան Հանրապետության արդյունաբերական մայրաքաղաքում՝ Յոհանեսբուրգում, թաղամասերից մեկի բնակիչներն ավանդաբար Նոր տարին նշում են՝ պատուհանից դուրս նետելով տարբեր առարկաներ՝ շշերից մինչև մեծ չափերի կահույք:
Երկրի ոստիկանությունը սովորաբար փակում է այդ թաղամասը մեքենաների համար: Դա համարվում է քաղաքի ամենավտանգավոր թաղամասը:
Ճապոնիայում՝ ծագող արևի երկրում, Ամանորը զգալի նշանակություն ունի: Այնտեղ բազմաթիվ սովորույթներ և ծեսեր կան տոնի հետ կապված:
Ճապոնացիները՝ վախենալով, որ երջանկության և հարստության հետ տուն կներթափանցեն չար ոգիները, դռան վրա կախում են ծղոտի փնջեր: Տոնին պատրաստվում են մի քանի շաբաթ առաջ: Դեկտեմբերի կեսերին ճապոնացիները սկսում են շնորհավորական բացիկներ գրել իրենց հարազատներին, ընկերներին, ծանոթներին՝ մաղթելով նրանց հաջողություններ, երջանկություն և առողջություն: Ինչ-որ մեկին մեկ անգամ ուղարկելով բացիկը՝ ընդունված է ուղարկել այն ամեն տարի: Այս ավանդույթն ունի զգալի նշանակություն, քանզի դպրոցական տարիքից երեխաները սովորում են ճիշտ գրել բացիկներ:
Ամանորի գիշերը ճապոնացիներն ուղևորվում են սարեր կամ ծով, որտեղ արևի առաջին ճառագայթների հետ լուսաբացին ծափահարություններով հրաժեշտ են տալիս հին տարուն և դիմավորում Նոր տարին:
Ֆինլանդիայում կա մի զարմանահրաշ քաղաք, որտեղ զբոսաշրջիկները մեկնում են միայն մեկ նպատակով` հետ վերադարձնել հեքիաթն ու հրաշքը: Այդ հրաշք քաղաքի անունը Ռովանիեմի է: Այն Լապլանդիայի ադմինիստրատիվ կենտրոնն է, իսկ անգամ երեխաներին է հայտնի, որ Լապլանդիան Սանտա Կլաուսի հայրենիքն է, որտեղ այցելելու համար զբոսաշրջիկները ժամերով հերթ են կանգնում։
Ամբողջ գյուղով մեկ սպիտակ լայն ժապավեն է անցնում, իսկ Սանտան իր նստավայրում կլոր տարի հյուրեր է ընդունում: Գյուղում հսկայական փոստարկղ կա, ուր գալիս են աշխարհի տարբեր երկրների երեխաների նամակները:
Սանտա Կլաուսը խոսում է մի քանի լեզուներով, այդ պատճառով էլ նրան այցելելիս կարող եք զրուցել նրա հետ ու լուսանկարվել: