2024 թվականը հայտարարել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման տարի. ««Արցախ» հայրենասիրական կանչ»
««Արցախ» հայրենասիրական կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«2023թ. մեր հիշողությունների մեջ կմնա որպես համազգային ողբերգության տարի. 9-ամսյա շրջափակման ու լիակատար պաշարման և դրան հաջորդած սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի արդյունքում, չնայած համառ դիմադրությանը, ամբողջովին հայաթափվեց հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախը:
2020թ. ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի, տարածքի զգալի մասի բռնազավթման հետևանքով Արցախն ունեցել է մարդկային, քաղաքական, ռազմական, նյութական ծանր կորուստներ, իսկ 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանը բնաջնջման՝ ցեղասպանության սպառնալիքի տակ հայրենազրկեց շուրջ 120 հազար արցախցիների: Բաքվի իրականացրած հանցագործությունների ցեղասպանական բնույթը հաստատվել է ոչ միայն նշանավոր ցեղասպանագետների, այլև միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Ավելին, նույն Ադրբեջանի հանցավոր արարքների ու քաղաքական ճնշումների արդյունքում Արցախի ռազմաքաղաքական վերնախավի մի մասը գտնվում է գերության մեջ, իսկ Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված ողջ բնակչությունը (շուրջ 150 հազար) ցրված է ամբողջ Հայաստանով: Տեղահանված արցախցիների մի որոշ մասն էլ ստիպված է եղել արտագաղթելու արտերկիր:
Արցախի իրենց հայրենակիցներին հարազատի պես են ընդունել և նրանց հոգսերի թեթևացմանը լծվել մայր հայրենիքի հարյուրավոր համայնքների տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Որոշ ծրագրեր իրականացվել են պետական մակարդակով, սակայն, դրա հետ մեկտեղ Հայաստանում տարատեսակ խմբեր և ուժեր փորձում են թույլ չտալ նոր իրավիճակում Արցախի պետական հաստատությունների ինքնակազմակերպումն ու քաղաքական ներուժի ձևավորումը՝ զուտ Արցախին վերաբերող խնդիրների առնչությամբ:
Երբեք հայկական իրականությունն այսքան պառակտված ու բաժանված չի եղել: Ստեղծված իրավիճակը չի կարող չմտահոգել որևէ ողջամիտ հայի և այս մտահոգությամբ էլ մենք դիմում ենք մեր բոլոր հայրենակիցներին՝ աշխարհի բոլոր կողմերում, դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հայրենակցական, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, մեր բոլոր գործընկերներին. մենք իրավունք չունենք մոռացության տալու մեր ազատագրական պայքարի փառավոր էջերը, մեր հերոսներին, մեր պատմական տարածքները: Մեր սիրելի հայրենակիցներին հորդորում ենք նաև ամեն կերպ պահպանել ներքին ինքնակազմակերպման այն կառույցները, որոնք արդեն իսկ ունենք։ Դրանք առաջին հերթին համայնքներն են, ստեղծագործական միությունները, արհմիությունները, մշակութային խմբերը և այլն։
Բոլոր ժողովուրդների մոտ էլ լինում են ձախողումներ, պարտություններ ու անհաջողություններ, բայց այդպիսի պահերին ազգերն ավելի են համախմբվում իրենց վեհ նպատակների, ինչպես նաև պատմական անցյալի և ապագայի մասին իրատեսական գաղափարների շուրջ: Մենք պարտավոր ենք առաջ շարժվել միասնական, այսինք՝ շատերի համար ընդունելի օրակարգով, որի ցանկում, մեր պատկերացմամբ, կարելի է առանձնացնել երեք հիմնական ուղղություն.
1. Արցախի մեր հայրենակիցների՝ իրենց բնօրրան ու մշտական բնակության վայրեր վերադառնալու նպատակը: Այս խնդիրը միայն ու միայն արցախցիների և նրանց կողմից ընտրված օրինական իշխանությունների միջև քննարկումների և հայության բոլոր հատվածների հետ համախոհությամբ ընդունված որոշումների արդյունք կարող է լինել: Պետք է ձգտենք միջազգային կառույցների և ազդեցիկ դերակատարների շահագրգռվածությունն այս հարցում դարձնելու իր պատմական հայրենիքում անվտանգ և ապահով ապրելու հուսալի երաշխիքներ:
2. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված տեսանելի ու գործնական քայլեր: Խոսքը՝ բնակության համար բավարար պայմանների և աշխատանքի նոր հնարավորությունների ստեղծման մասին է, և այդ ուղղությամբ համալիր միջոցառումների ու ծրագրերի գլխավոր հանձնառուն պետք է լինի Հայաստանի Հանրապետության Կառավարությունը: Տեղահանված արցախցիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու միջազգային ծրագրերի ընթացքը և առանձին երկրների հատկացրած գումարներից ծախսերը պետք է թափանցիկ լինեն հանրության համար:
3. Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախի մշակութային, հոգևոր, նյութական արժեքների պահպանության խնդիրը: Այս ուղղությունը կարող է դառնալ Սփյուռքի հայկական կազմակերպությունների և նրանց ներկայացմամբ՝ ոչ հայկական կառույցների հոգատար վերաբերմունքի և ցանցային գործունեության գլխավոր թեմաներից մեկը՝ Արցախ վերադառնալու նախապայմանի տեսքով: Մեր վանքերն ու եկեղեցիները, հուշարձաններն ու գերեզմանատները, հարուստ պատմամշակութային ժառանգությունը չպիտի բաժին դառնան վանդալիզմի և կեղծարարության, դրանք պետք է ներառվեն միջազգային պաշտպանություն ապահովող կառույցների ցանկում:
Վերոնշյալ ուղղությունները միայն ընդհանրական պատկերն են այն առաջնահերթ անելիքների, որոնց մշակումն ու իրականացումը պահանջում են լուրջ և հետևողական ջանքեր հայության բոլոր հատվածների կողմից: Մեր համադրված աշխատանքով անհրաժեշտ է հավաքագրել ականատեսների վկայություններն ու փաստերը և փաստաթղթերի, տեսանյութերի միջոցով դրանք ներկայացնել միջազգային դատական ատյաններ՝ հանցագործությունների մասին կազմված փաթեթների տեսքով:
2023թ. Արցախում մեր հայրենակիցները դիմավորել են շրջափակման պայմաններում, բայց մեծ հույսերով, որ անկախ հանգամանքներից՝ ապրելու են իրենց նախնիների հողում՝ շարունակելով դարավոր ավանդույթները:
Մենք առաջարկում ենք, որ 2024 թվականը հայության բոլոր հատվածները հայտարարեն «Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման տարի» և ամեն ինչ ձեռնարկեն տեղահանված մեր հայրենակիցների կամքն ու վճռականությունը վերադարձնելու, Արցախի հանդեպ աշխարհասփյուռ հայության սերն ու վստահությունն ամրապնդելու և Արցախ վերադառնալու համար անհրաժեշտ հիմքեր ձևավորելու համար:
Սիրելի՛ հայրենակիցներ,
կոչ ենք անում արցախյան համառությամբ, հետևողականությամբ հետամուտ լինելու այդ գործին՝ որպես գործունեության սկզբունք որդեգրելով «Արցախ վերադարձի մեր ճանապարհն անցնում է հզոր Հայաստանով» կարգախոսը»։