«Ունենք ուռճացրած ավտոպարկ, 99 «պադավատ» կա». Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ թեև հայտարարվում է, որ քաղաքապետարանի հաստիքացուցակը կրճատվել է, բայց 787 աշխատակցից դառնում է 812:

«Երևանցիներին ուզում եմ տեղեկացնել, որ գոյություն ունի 99 ծառայողական մեքենա՝ «պադավատ» կոչվածը, և ունենք 54 վարորդ: Մենք այս հարցը բարձրացրել էինք, մեզ պտասխանեցին, որ նույնիսկ փոխթաղապետերն ունեն վարորդներ և նրանք օգտագործվում են նաև թաղապետարանի աշխատակիցների առօրյա աշխատանքային գործերի համար:

Դա այդպես չէ, մենք ունենք ուռճացված ավտոպարկ և վարորդների ուռճացված թիվ: Ունենք վարչություններ, որտեղ ունենք վարչության պետ, բաժնի պետեր և վարչության պետի տեղակալներ:

Իրականում անհասկանալի է, որ դուք միավորում ենք բաժինները մի վարչության մեջ, իմաստը ո՞րն է պահել բաժնի պետ: Այսինքն՝ մեխանիկական իրար է միացվում: Մինչդեռ եթե կառուցվածքային փոփոխություն է արվում, պետք է թվաքանակը նվազի, գործառույթները վերաբաշխվեն: Իսկ եթե երեք բաժին մտցնում եք մի վարչության մեջ, բայց վարչության պետերին պահում եք, տեղակալներին պահում եք, դրանով որեւէ բարեփոխում չեք իրականացնում»,- նկատեց նա:

Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց՝ ասելով. «Մենք հիմա ունենք 5 ճարտարապետ խորհրդատու, որոնք ամեն չորեքշաբթի առավոտյան իրականացնում են ինձ հետ, համապատասխան վարչության ղեկավարների հետ նիստեր: Այդ մարդկանց մասնագիտական կարծիքը մենք դարձնում ենք մեր օրակարգը:

Մասնագիտական խմբերն են ստեղծվում: Հիմնական հաստիքացուցակի ավելացումն այդ հիմնավորումն ունի: Մնացած տեղերում դուք կտեսնեք կրճատում»:

Տեսանյութեր

Լրահոս