Ի՞նչ հարցեր դուրս կմնան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրից․ Բայրամովը որոշակի հստակեցումներ է արել

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է՝ խաղաղության պայմանագիր չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում։ Ադրբեջանական AzTV-ին տված հարցազրույցում Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է որոշ հարցերի։ Նա մասնավորապես ասել է․ «Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից, կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն: Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին, որոշ դրական արձագանքներ ենք նաև լսում»։

Ըստ Բայրամովի, պաշտոնական Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկների փաթեթը Երևանից ստացել է այս տարվա նոյեմբերի վերջին։ Նա նաև նշել է, որ Բաքուն մեկ ամսվա ընթացքում մշակել է փաթեթն ու ներկայացրել հայկական կողմին։

«Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ, որ հանդիպումները տեղի կունենան արդեն 2024 թվականին։ Մենք այս հարցին իրատեսորեն և լավատեսորեն ենք նայում։ Երբ խոսում ենք խաղաղության պայմանագրից, պետք է հասկանանք, որ դա չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում»,- ասել է Բայրամովը։

168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով բանակցային իրավիճակին ու սպասվող զարգացումներին, ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Բաքուն բանակցությունների այս փուլում, ավելի հստակ՝ սեպտեմբերից հետո, կարողացավ հաջողությամբ «փակել» բանակցությունների արևմտյան հարթակը։

Նա հիշեցրեց, որ Բրյուսելում, Վաշինգտոնում, Գրանադայում ծրագրվող, սակայն տապալված հանդիպումներից հետո ևս ԱՄՆ-ը փորձում էր հանդիպում համաձայնեցնել, թվում էր նույնիսկ, թե համաձայնեցվել է, սակայն Բաքուն մանևրեց։

«Ավելին՝ սկսվեցին ուղիղ բանակցություններ սահմանին, կողմերը շարունակեցին փոխանակվել Խաղաղության համաձայնագրի իրենց առաջարկներով՝ հայտարարելով, որ կետերի մեծ մասը համաձայնեցված է։

Ադրբեջանական կողմը Բայրամովի միջոցով հստակեցնում է, որ ոչ բոլոր հարցերն են համաձայնեցվելու Խաղաղության համաձայնագրում, այսինքն՝ սա կարող է լինել ինչ-որ միջանկյալ մի փաստաթուղթ, որն ամրագրում է 2020 թվականի հետևանքները, ինչպես նաև սեպտեմբերյան իրադարձությունները։ Դատելով հայկական ու ադրբեջանական մամուլի հրապարակումներից, կարելի է նշել, որ կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և կա խնդիր այդ ամենը թվերով արձանագրելու հարցում։

Բնականաբար, սպասելի է, որ Ադրբեջանը խուսափում է դա անել թվերով, քանի որ ակնկալում է, որ մի շարք գործընթացների միջոցով կփորձի հավելյալ օգուտներ ստանալ Հայաստանից, իսկ տարածքի թվային արձանագրումն ապագայում կսահմանափակի Ադրբեջանի քայլերը ու կդնի շրջանակի մեջ։ Կարծում եմ՝ այն փաստաթուղթը, որը պատկերացնում են կողմերը, իսկապես համաձայնեցված է՝ բացառությամբ հենց այս կետի»,- ասաց Արեշևը՝ ավելացնելով, որ հաջորդ տարի արդեն կշարունակվեն բանակցությունները։

Այդ շրջանում, նրա խոսքով, կա երկու կարևոր հարց. Մեկը՝ հենց այս հանգամանքը, իսկ մյուսը՝ այն, թե որտեղ կողմերը կստորագրեն համաձայնագիրը։

«Ադրբեջանը վերջին ամիսներին հստակ հասկացրեց, որ Արևմուտքը, որպես համաձայնագրի ստորագրման վայր, այդքան էլ ընդունելի չէ իրենց համար։ Վերջին ամիսներին նկատվեց, որ Ադրբեջանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ վատթարացան, իսկ Իրանի հետ՝ ընդհակառակը։ Ադրբեջանն ու Իրանը վերջերս կարողացան հարթել իրենց լուրջ տարաձայնությունները, նույնիսկ փորձ անելով վերականգնել ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը։ Ադրբեջանն ինտենսիվ լծվել է նաև «3+3»-ի աշխատանքներին։ Գուցե սա Ադրբեջանի երկարաժամկետ որոշումն է, գուցե ժամանակավոր մարտավարություն է՝ խուսափելու Արևմուտքի թելադրանքից, քանի որ ՀՀ-ում հակառուսականության խորացմանը զուգահեռ՝ Արևմուտքը փորձում է ՀՀ-ին ընդառաջ քայլեր ցույց տալ։ Ինչպես տեսնում ենք, քաղաքականությունը փոխկապակցված է, բոլոր զարգացումները կապ ունեն միմյանց հետ»,- նկատեց նա։

Արեշևի խոսքով, Բայրամովի խոսքը կարևոր է նաև այն առումով, որ, ամենայն հավանականությամբ, պարզաբանում է, որ համաձայնագրից դուրս են մնալու մի շարք հարցեր։

«Այդ հարցերից կարևորը ղարաբաղահայերի ապագան է։ Դեռ հստակ չէ, թե հաջորդ տարի այս հարցով ինչ աշխատանքներ կծավալվեն, կամ կծավալվե՞ն արդյոք, թե՞ ոչ։ Սակայն վերջին շրջանի հրապարակումները, ուշադրությունը թեմայի նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանից, թույլ է տալիս ենթադրել, որ հաջորդ տարի ուշագրավ զարգացումներ պետք է սպասել այս ուղղությամբ»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս