«Նիկոլի մասին խոսել՝ նշանակում է ապուշանալ, հանրությունը վաղուց սա չպետք է հանդուրժեր». Պարույր Հայրիկյան

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը Պրահայում  հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային աբողջականությունը 86.600 քկմ տարածքով, հետագայում հրապարակավ հաստատեց, որ ճանաչում է Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում։

Այս հայտարարություններից հետո, միջազգային իրավունքի մասնագետները, քաղաքագետները մշտապես հայտարարում են, որ Նիկոլ Փաշինանի այդ քայլը հակասում է ՀՀ անկախության հռչակագրին, Սահմանադրությանը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին։

168.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր այդ քայլով իրականացրել է քրեական հանցագործություն։

«Կարծում եմ՝ բոլորն էլ նկատել են, որ Նիկոլ Փաշինյանն առհասարակ ինչի մասին խոսում է՝ դրա հետ կապ չունի։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակին նախաձեռնել էր սահմանադրական բարեփոխումներ՝ 2020 թվականի փետրվարի 12-ին։ Նա ժամկետներ նշեց, իրավական ակտը, հատկապես բարձրագույն իշխանության կողմից ընդունված՝ պարտադիր է կատարման համար։ Չկատարման դեպքում պատասխանատու են և՛ նրանք, ովքեր չեն կատարել և՛ նրանք, ովքեր վերահսկում են կամ այս որոշումն ընդունել են։ Այդ ամենը Նիկոլը տապալեց, բայց իրավական ակտերի համաձայն՝ հասցրեց փոխել իր նախկին որոշումը, այսինքն՝ երկարացրեց ժամկետները։ Այս ամենը կապված է Սահմանադրության հետ, ի վերջո, ազգը, պետությունը դառնում է վավերական իր Սահմանադրությամբ։ Հետո Նիկոլը հայեցակարգը երկարացրեց, և ժամկետները պետք է փոխվեին 2020 թվականի սեպտեմբերին, դա էլ չեղավ, և սա խախտում է։

Կարդացեք նաև

Տեսնելով, որ այս ամենի նկատմամբ հանրությունն անտարբեր է, երրորդ անգամ կրկին նա որոշում ընդունեց՝ ժամկետներ դրեց մինչև հունիս՝ հայեցակարգի համար, իսկ նախագծի համար՝ մինչև դեկտեմբեր, սա էլ տապալվեց։ Սա արդեն բավական էր, որ կուսակցությունները հավաքվեին, ես էլ՝ նրանց հետ, արձանագրեինք, որ Նիկոլ Փաշինյանը կատարել է  մի քանի հանցագործություն՝ իշխանության չարաշահում, իրավական Հայաստանի ոչնչացում։ Նիկոլը խոսում է, թե պետք է անկախությունը փրկենք, բայց նա արդեն ոչնչացրել է այդ անկախությունը»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը։

Քաղաքական գործչի բնորոշմամբ՝ սա ամենակարևոր հարցն է հայ ազգի համար, և զարմանալի է, որ որևէ կուսակցություն այս խնդրի մասին չի բարձրաձայնում։ Ավելին՝ երբ Նիկոլ Փաշինյանը տապալեց ամեն ինչ, նրա Արդարադատության նախարարները պետք է ահազանգ հնչեցնեին, սկզբում՝ Կարեն Անդրեասյանը, հետո՝ Գրիգոր Մինասյանը, բայց փոխարենը հայտարարեցին, թե գործընթացը լավ առաջ է գնում։

«Ստացվում է, որ այս մարդիկ չեն հասկանում, որ իրավական ակտերը պետք է կատարվեն ժամանակի մեջ, իսկ չկատարվելու դեպքում պետք է պատասխաններ տան։ Այս իրավական ակտը, հավատացեք, ավելի կարևոր է, քան հյուսիս-հարավ ճանապարհի կարևորությունը մեզ համար։ Այստեղ միլիոնավոր դոլարների չարաշահում է կատարվել, թալանվել է, քանի որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն աշխատավարձ է ստանում։ Այս ամենից հետո, խոսել այս ամենի գլխավոր դերերում հանդես եկող Նիկոլի մասին, նշանակում է, որ ես ապուշացել եմ։ Նա իրավագիտության մեջ ո՛չ գիտակ է, ո՛չ էլ պատասխանատու»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «Արցախի բանակցային գործընթացում Արցախը դիտարկվել է մշտապես Ադրբեջանի կազմում, եղել է միայն մեկ տարբերակ՝ Արցախի փոխանակումը Մեղրիով», Պարույր Հայրիկյանը նկատեց՝ հանրության մի փոքր շերտ, որն օգտվում է իշխանության լծակներից, այս ամենը լսում ու տարածում է, իսկ իշխանական լծակներից չօգտվող հասարակության շերտի համար իրավիճակը պետք է մանրամասն ներկայացնեն ու  բացատրեն քաղաքական ընդդիմադիր կուսակցությունները։

«Նիկոլն իշխանական լծակներից օգտվողներին լավ է նայում, կաշառք է բաժանում՝ բարձր աշխատավարձի ու պարգևավճարների միջոցով։ Ընտրություններին գումար չբաժանեցին, բայց ստեղծեցին տարբեր հենակետեր, որտեղ աշխատավարձեր բաժանեցին, այսինքն՝ կաշառք տալու հազար ու մի ձև կա։ Հանրությունը պետք է վաղուց այս ամենը հանդուրժած չլիներ։ Բայց կարծում եմ՝ խնդիրը մեր քաղաքական ուժերի մեջ է, որովհետև այն, ինչի մասին խոսքիս սկզբում ասացի,  միայն դա բավական է, որ առանց որևէ ցույցի հասնեն իշխանափոխության, քանի որ երկրի ղեկավարն իրականացրել է քրեական հանցագործություն։ Քաղաքական առողջ ուժերից պետք է արձագանք սպասենք, որոնք պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս