«Մնում էր, որ անգամ դա չլիներ, այսինքն, կարող էր դա է՞լ չլինել». Հակոբ Բադալյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Պիտի նաև թերևս բավարարվածությամբ արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի վիճակի եղավ մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունել ավելի քան 100.000 փախստականների, առանց փախստականների ճամբարներ կամ վրանային ճամբարներ հիմնելու»,- հերթական անգամ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախ, կարծում եմ, քաղաքական իմաստով դեռ մեծ հարց է, թե արդյո՞ք ճիշտ էր չհիմնել վրանային ճամբարներ՝ բնականաբար ապահովելով դրանք բարվոք կենսապայմաններով, ջերմությամբ, սնունդով եւ այլն:

Երկրորդ, հարց է նաեւ, թե արդյո՞ք դա շատ ավելի բարվոք իրավիճակ չէր լինի այն մարդկանց համար, թերեւս հազարավոր մարդկանց համար, որոնք արդեն ավելի քան երկու ամիս կամ անելանելիությունից դրդված ապրում են որտեղ պատահի, հաճախ նաեւ հենց միայն դրանից բխող հոգեբանական ծանրությամբ՝ որ գումարվում է տուն կորցրած լինելու իրենց արդեն իսկ ծանր հոգեվիճակին, կամ անցնում են վարձով տանից տուն՝ չիմանալով ինչպես հոգալ բնակվարձը, որը որպես կանոն շատ ավելի բարձր է, քան այդ նպատակի համար տրվող փոխհատուցումը:

Եվ երրորդ, հենց այդ առումով էլ մեծ հարց է, թե ինչպես են ընդունվել այդ մարդիկ: Այո, սահմանին դիմավորել, առաջին անհրաժեշտության աջակցությամբ ապահովելը շատ կարեւոր է: Բայց, մնում էր, որ անգամ դա չլիներ: Այսինքն, կարող էր դա է՞լ չլինել:

Պետության կարեւորագույն գործը պետք է լիներ խնդրի հետագա կառավարումը, եւ առավել եւս այն մարդկանց առնչվող, որոնք առավել խոցելի էին ինքնուրույն հնարավորությունների տեսանկյունից»:

Տեսանյութեր

Լրահոս