Համացանցի հայկական տիրույթում ակտիվացել են ֆիշինգային հարձակումները. ինչպե՞ս պաշտպանվել
Համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները, որոնք կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների անունից։ Այս մասին հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
«Որևէ կայքում ձեր բանկային, անձնական տվյալները լրացնելուց առաջ համոզվեք, որ նշված հարթակը տվյալ ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքն է»,– զգուշացնում է գործակալությունը։
Նշենք, որ ֆիշինգը կեղծ էլեկտրոնային նամակներ ու կայքեր օգտագործելու միջոցով այլոց անձնական, էլեկտրոնային տվյալները հափշտակելու միջոց է:
Ֆիշինգային հարձակման ժամանակ չարագործները քողարկվում են որևէ վստահելի ընկերության կամ անձի անվան տակ, որոնց հետ հավանական է, որ զոհը առնչություն ունեցած լինի, ու նրանց հատուկ ձևով կեղծ հաղորդագրություն են ուղարկում: Հաղորդագրությանը կցվում է վնասաբեր ֆայլ, կամ հղում է տեղադրվում, որտեղ պահանջում են լրացնել էլեկտրոնային փոստի մուտքանունն ու գաղտնաբառը, իսկ իրականում դրանք փոխանցվում է ֆիշինգային հարձակում կազմակերպողին:
Ֆիշինգային հարձակում կազմակերպողները հաճախ խոստանում են մեծ գումարներ, տարատեսակ շահումներ, օրինակ` սմարթֆոններ: Նման հաղորդագրությունները հաճախ տարածվում են հայտնի մարդկանց անունով կեղծ էջերից` էլեկտրոնային փոստով կամ սոցիալական ցանցերով:
Ինչպես պաշտպանվել ֆիշինգային հարձակումներից
Երբեք մի՛ ուղարկեք անձնական տվյալներ էլեկտրոնային հաղորդագրությամբ, եթե միանշանակ վստահ չեք, թե ում եք ուղարկում:
Մի՛ սեղմեք անծանոթ, պատահական հասցեներից եկած նամակներում առկա հղումներն ու ֆայլերը:
Ձեր էլեկտրոնային փոստում, սոցիալական ցանցի էջերում ու այլ հաշիվներում, որտեղ կա հնարավորություն, միացրե՛ք «երկփուլանի վավերացում» ֆունկցիան` որպես պաշտպանության հավելյալ միջոց:
Ֆիշինգային հարձակման ժամանակ հաքերները կիրառելու են իրական կայքին շատ նման կայք, պետք է ուշադրությամբ զննել ու համոզվել, որ տառային ու սիմվոլային տարբերություններ չկան կայքի հասցեում:
Անվտանգ կայքի հասցեն սկսվում է «https»-ով:
Հիշեցնենք` ֆիշինգը կիբեռհարձակումների ամենահին տեսակներից է: 1990-ականներից մինչ հիմա այն լայնորեն կիրառվում է: Ֆիշինգը անգլերեն «fish» (ձուկ) բառից է, որը ենթադրում է, որ հարձակվողը կարթ է գցում` հուսալով, որ զոհը խայծը կուլ կտա: Տերմինը 1990-ականներին ծագել է հաքերների շրջանակում:
Ֆիշինգային հարձակումների զոհ չդառնալու համար կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ գործակալության կազմած ուղեցույցին: