Թուրքիան, առանց ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի, ՀՀ-ի ուղղությամբ որևէ լուրջ քայլի չի գնա․ վերլուծաբան
Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն օրերս այցելեց Ադրբեջան և հերթական անգամ հաստատեց թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքորոշումների նույնականությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման տեսլականի հարցում։
Չնայած ՀՀ իշխանությունների՝ Անկարայից չարդարացված սպասումներին՝ Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը համակարգում են Ադրբեջանի հետ։ «Թուրքիան որոշում կկայացնի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բանակցությունների արդյունքներին համապատասխան»,- նշել էր Ֆիդանը՝ ակնարկելով, որ Երևանն ու Բաքուն պատմական հնարավորություն են ստացել կարգավորել հարաբերությունները, և դա կորցնել չի կարելի։
Ըստ թուրքական մամուլի, դեկտեմբերի 17-ին էլ տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի Հանրապետության արտաքին գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը: Hürriyet Daily News-ի փոխանցմամբ, Էնթոնի Բլինքենը և Հաքան Ֆիդանը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին առնչվող հարցեր: Հեռախոսազրույցի առանցքային թեման եղել է Գազայի պատերազմը և, մասնավորապես, այդ շրջափակված տարածք մարդասիրական օգնություն առաքելու անհրաժեշտությունը: Ֆիդանը Բլինքենին ասել է, որ Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափում տագնապալի կացություն է ստեղծվել, և կոչ է արել Բլինքենին ճնշում բանեցնել Իսրայելի վրա և հրադադար պարտադրել:
Բլինքենը և Ֆիդանը զրուցել են նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցի մասին: Վաշինգտոնը և Ստոկհոլմն ակնկալում են, որ Անկարան հնարավորինս արագ կվավերացնի Շվեդիայի հայտը: Երկու բարձրաստիճան դիվանագետները քննարկել են նաև ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F16 տեսակի կործանիչներ վաճառելու և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը խթանելու հարցերը:
168․am-ի հետ զրույցում թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ ներկայումս թուրք-ամերիկյան ինտենսիվ երկխոսությունը պայմանավորված է մերձավորարևելյան, ինչպես նաև Ռուսաստան-Արևմուտք զարգացումներով, որտեղ Արևմուտքը ցանկանում է Թուրքիայի իշխանություններին գրավել դեպի արևմտյան համայնք։
Նրա խոսքով, ըստ էության այս գործընթացը վերջին տարիների ընթացքում փոքր դադարներով, սակայն եղել է ԱՄՆ-ի մշտական քաղաքականությունը։
«Այս քաղաքականությունը լուրջ արդյունքներ չի արձանագրել, քանի որ Թուրքիայում իշխանության ղեկին է Էրդողանի կառավարությունը, որը գրեթե բոլոր հարցերում խորը տարաձայնություններ ունի Միացյալ Նահանգների հետ։ Խոսքը վերաբերում է նաև Հարավային Կովկասին։
Եթե գլոբալ հարցերում այդ տարաձայնությունները չլինեին, Թուրքիան և ԱՄՆ-ը փոխըմբռնում ունենային գլխավոր հարցերի շուրջ, այս պահին խոսքը Ռուսաստանի և Իսրայելի մասին է, ապա հարավկովկասյան զարգացումների հարցը շատ ավելի հեշտ կլիներ՝ Թուրքիան համապատասխանաբար կփոխեր իր մոտեցումները և Ադրբեջանից ավելի անկախ քաղաքականություն կվարեր և կլսեր որոշ դիտարկումների, որոնք հնչում են Միացյալ Նահանգներից։ Սակայն, երբ Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև չկա վերոնշյալ հարցերում փոխըմբռնում, չկա նաև ԱՄՆ ազդեցություն Թուրքիայի դիրքորոշումների նկատմամբ Հարավային Կովկասում։ Հարց է նաև, թե որքանով է ԱՄՆ-ը ձգտում ազդեցություն ունենալ այդ հարցերի նկատմամբ, քանի որ ԱՄՆ դիտանկյունից դրանք չափազանց փոքր հարցեր են, և ԱՄՆ-ն կնախընտրեր, որ տեղում կողմերը պայմանավորվեին և արագ լուծվեին բոլոր հարցերը։
Սակայն այդպես չէ, հենց դա է պատճառը, որ թեև ժամանակ առ ժամանակ հայ-թուրքական հարաբերությունները դառնում են թուրք-ամերիկյան բանակցությունների օրակարգային հարց, այնուամենայնիվ այդ բանակցություններն էական ազդեցություն չեն ունենում, Թուրքիան բանակցություններից հետո Ադրբեջանում կրկնում է իր հին մոտեցումները և կարծես պատրաստվում սահմանի բացման միմիայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրումից հետո։ Ես մշտապես քննադատել եմ այս մոտեցումը, նշել, որ հայ-թուրքական օրակարգը պետք է դուրս բերվի Ադրբեջանի ստվերից ու ազդեցությունից, սակայն Ադրբեջանից Թուրքիայի իշխանությունների կախվածությունն ավելի զորեղ գտնվեց»,- ասաց վերլուծաբանը։
Ըստ նրա, եթե կա խաղադրույք, որ ԱՄՆ-ը կկարգավորի ամեն հարց, սխալ է, վերջին տարիների զարգացումները ցույց տվեցին, որ տարաձայնությունները չափազանց շատ են։
«Առջևում նաև ԱՄՆ-ում ընտրություններ են, կարծում եմ՝ այս փուլում այդ թույլ ազդեցությունն էլ ավելի է նվազելու և թուրք-ամերիկյան հարաբերություններն ավելի կայունանալու են ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո միայն»,- ասաց վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին՝ փորձագետն ասաց, որ չնայած կողմերը հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, տևական ժամանակ բանակցեցին, որոշ հարցեր համաձայնեցրին, սակայն հարաբերություններում լուրջ որևէ առաջընթաց չկա, և դա պայմանավորված է Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումներով։
«Այս պահին, թերևս, բոլորը հետևում են այն զարգացումներին, որոնք ընթանում են հայ-ադրբեջանական օրակարգում։ Ցավոք, դրանք են այսօր թելադրող հայ-թուրքական հարաբերություններում, թեև մի որոշ ժամանակ առաջ թվում էր, թե կհաջողվի հայ-թուրքական հարաբերություններն առանձնացնել հայ-ադրբեջանական բանակցություններից։ Ուստի ներկայումս որքան էլ հայ-թուրքական բանակցությունները տեղի ունենան, ինչ-որ հարցեր բանակցվեն, դրանց ուղղությամբ սպասելիքները պետք է դիտարկել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի լիարժեք համաձայնեցման ու ստորագրման հետ կապի մեջ։ Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում առանց դրա որևէ քայլ անել, կարծես սա Ադրբեջանի ու Թուրքիայի միջև վաղուց որոշված դիրքորոշում է, որը, բնականաբար, պետք է Ադրբեջանին՝ որպես ՀՀ-ի նկատմամբ հավելյալ ճնշում»,- ասաց նա։
Հարցին, թե ԱՄՆ-ը չունի՞ ազդեցություն այս հարցի նկատմամբ, վերլուծաբանը պատասխանեց, որ նախ հայտնի չէ՝ արդյո՞ք ԱՄՆ-ը նման հարց բարձրացնում է։ «Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը կցանկանար, որ Թուրքիան մեղմեր իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, բայց տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվում Թուրքիայի մոտեցումներում»,- նկատեց նա։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Հայաստանի համար շատ կարևոր է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, հիշեցնելով, որ Թեհրանում հանդիպել էր Թուրքիայի ԱԳ նախարարին: «Կա գործընթաց, կա խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին: Ուզում եմ լավատեսություն հայտնել` ասելով, որ մեր այն պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանն առայժմ հատուկ խմբի մարդկանց համար բացելուն, մոտ ապագայում լավ նորություններ, գուցե, ունենանք»,- նշել էր Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանը շահագրգիռ է չորս հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալ: