Աբու Դաբին մտադիր է Թուրքիայի հետ պայմանագիր կնքել Իզմիր նավահանգստում բաժնեմաս ձեռք բերելու մասին
Աբու Դաբին պատրաստվում է բաժնեմաս ձեռք բերել թուրքական առանցքային նավահանգստում, համաձայն գործարքի մասին տեղյակ չորս աղբյուրների, ինչը երբեմնի անհաշտ աշխարհաքաղաքական մրցակիցների միջև մերձեցման ևս մեկ նշան է, հայտնում է Reuters-ը:
Ըստ նախատեսվող համաձայնագրի, պետական AD Ports Group-ը ներդրումներ կկատարի մի ընկերությունում, որը ստեղծվելու է Թուրքիայի բարեկեցության հիմնադրամի կողմից՝ Էգեյան ծովի ափամերձ Իզմիր նավահանգիստը կառավարելու համար, ասել է երկու աղբյուր:
Բաժնեմասի չափը դեռ հայտնի չէ, սակայն աղբյուրներից մեկը հայտնել է, որ գործարքը կարող է գնահատվել մոտ 500 միլիոն դոլար: Նավահանգիստը, որը պատկանում է Թուրքիայի բարեկեցության հիմնադրամին, կարևոր տրանսպորտային հանգույց է, որը նոր ներդրումների կարիք ունի:
Գործարքը պայմանավորված է նրանով, որ Թուրքիայի կառավարությունը օտարերկրյա ներդրումներ է փնտրում, որպեսզի արագացնի իր շրջադարձը բազմամյա անհետևողական տնտեսական քաղաքականությունից, որը հանգեցրել է արժեզրկման կտրուկ աճի և ազգային արժույթի փոխարժեքի անկման:
Թուրքիան և ԱՄԷ-ն սկսեցին վերականգնել հարաբերությունները երկու տարի առաջ՝ գաղափարական տարաձայնությունների պատճառով դաժան մրցակցությունից հետո:
Այդ ժամանակվանից ԱՄԷ պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիայում հսկայական ներդրումների հնարավորություններ են տեսնում, այդ թվում՝ էներգետիկայի և լոգիստիկայի ոլորտներում: Դուբայի պետական նավահանգստային հսկա DP World-ն այս տարվա սկզբին գնել է թուրքական նավահանգստի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը:
Մայիսին ԱՄԷ-ն և Թուրքիան ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր, որը պետք է հեշտացնի ներդրումները:
Երկու երկրներն ավելի քան 50 միլիարդ դոլար արժողությամբ մի շարք գործարքներ են համաձայնեցրել հուլիսին, երբ Թուրքիայի նախագահն այցելեց Պարսից ծոցի երկրներ՝ փորձելով աշխուժացնել տնտեսությունը: