«Ռոսատոմ»-ը կարող է սկսել Երևանում նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի ռեկուլտիվացումը
«Ռոսատոմ»-ը կարող է Երևանում սկսել նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացման աշխատանքները, հենց որ հայկական կողմը համապատասխան ցանկություն հայտնի, նախախորհրդատվությունն արդեն փոխանցվել է հայկական իշխանություններին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսատոմ»-ի բնապահպանության ոլորտում պետական և ոլորտային ծրագրերի իրականացման ուղղության տնօրեն Անդրեյ Լեբեդևը:
«Հայկական կողմի դիմումով անցյալ տարի մենք ձեռնամուխ եղանք այդ հարցի մշակմանը։ Երևան կատարած այցի ընթացքում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել կարճ ժամանակահատվածում իրականացված մեծ աշխատանքի արդյունքների վերաբերյալ վերլուծական հաշվետվությունը: Եվ մենք, մեր կառավարության համապատասխան հանձնարարականների դեպքում, հայկական կողմից հետագա ուշադրության և հարցման դեպքում, իհարկե, կզբաղվենք այդ խնդրով»,-ասել է Լեբեդևը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ռուս մասնագետները գույքագրել են այն թափոնները, որոնք կուտակվել են նախկին քիմիական կոմբինատի տարածքում:
ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության առաջատարներից մեկը՝ «Նաիրիտ»-ը, կաուչուկի արտադրության մենաշնորհատեր էր: 1989 թվականին բնապահպանական շարժման ճնշման ներքո փակվեց «Նաիրիտ»-ը: Ձեռնարկության տարածքում մնացել է շուրջ 13 հազար տոննա վտանգավոր թափոն: