Հունգարիան կարող է «ևս 75 անգամ» խափանել Ուկրաինայի մուտքը ԵՄ. Օրբան

Հունգարիան չի խոչընդոտել անդամ երկրներին ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու որոշում կայացնելու հարցում, քանի որ «ևս 75 անգամ» հնարավորություն կունենա դադարեցնել գործընթացը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոյի եթերում, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Վճռորոշ փաստարկն այն էր, որ Հունգարիան ոչինչ չի կորցնում՝ հաշվի առնելով այն, որ Ուկրաինայի անդամակցության մասին վերջնական խոսք պետք է ասեն 27 խորհրդարաններ, այդ թվում և հունգարականը։ Այնպես որ, եթե մենք չենք ցանկանում, որ Ուկրաինան դառնա ԵՄ անդամ, ապա Հունգարիայի խորհրդարանը դեմ կքվեարկի»,- ասել է Օրբանը։

Նրա խոսքով՝ «մինչև գործը խորհրդարաններին հասնելը երկար, շատ երկար գործընթաց կա»:

«Կլինի մոտավորապես 75 դեպք, երբ Հունգարիայի կառավարությունը կկարողանա կանգնեցնել այդ գործընթացը», – ավելացրել է Օրբանը:

Հունգարիայի վարչապետը հայտնել է, որ ութ ժամվա ընթացքում փորձել է համոզել գործընկերներին, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու որոշումը «ժամանակավրեպ» կլինի, սակայն իրեն դա չի հաջողվել:

«Նրանք ասել են, որ եթե բանակցությունների ընթացքում ինչ-որ բան խախտի հունգարական շահերը, կկանգնեցնեն դրանք, իրենք ամեն դեպքում ցանկանում են սկսել գործընթացը, և ինձ ասել են, որ չխանգարեմ իրենց։ Ես չէի ուզում ծանրացնել Հունգարիայի խիղճը սխալ որոշմամբ և… լքեցի դահլիճը», – պատմել է Օրբանը։

Ավելի վաղ ԵՄ գագաթնաժողովը որոշում էր ընդունել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ-ին ապագա անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին:

Օրբանը, որը չի քվեարկել այդ որոշման վերաբերյալ գագաթնաժողովում, ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովն ինքը նոյեմբերի 8-ի հանձնարարականներում ընդունել է, որ Ուկրաինան դեռ չի կատարել անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու երեք պայմանները:

Տեսանյութեր

Լրահոս