Բաժիններ՝

Հռոմի պապը կոչ է արել ազատ արձակել իսրայելցի բոլոր պատանդներին և հումանիտար հրադադար հաստատել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Գազայի հատվածում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել և ազատ արձակել բոլոր իսրայելացի պատանդներին, որոնց առևանգել է ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը։

«Ես շարունակում եմ մեծ մտահոգությամբ և ցավով հետևել Իսրայելի և Պաղեստինի հակամարտությանը: Եվս մեկ անգամ անհապաղ հումանիտար հրադադարի կոչ եմ անում: Այնտեղ այնքան տառապանք կա։ Բոլոր ներգրավված կողմերին հորդորում եմ վերսկսել բանակցությունները և բոլորին խնդրում եմ անհապաղ կերպով ստանձնել մարդասիրական օգնության առաքման պարտավորություն Գազայի բնակչությանը, որն ուժասպառ է և իսկապես դրա կարիքն ունի», – ասել է քահանայապետը Վատիկանում ընդհանուր ունկնդրության ավարտին։

«Բոլոր պատանդները, որոնք ընդամենը մի քանի օր առաջ հաստատված հրադադարի ժամանակ հույսեր էին փայփայում, պետք է անհապաղ ազատ արձակվեն: Թող ավարտվեն իսրայելցիների և պաղեստինցիների այդ մեծ տառապանքները», – հավելել է նա:

Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությանը պատերազմ է հայտարարել հոկտեմբերի 7-ին խմբավորման զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը մերժել է զինադադարի բոլոր կոչերը, չնայած համաձայնել էր 7-օրյա հումանիտար հրադադարի, որի ընթացքում Գազայում պահվող շուրջ 100 գերի փոխանակվեց Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցիների հետ։

Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 18 400-ը, շուրջ 50 000 մարդ վիրավորվել է։ Գազայի հատվածի բնակչության 85 %-ը տեղահանվել է։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 360 000 մարդ հիվանդ է վարակիչ հիվանդություններով։

Զանգվածային լրատվամիջոցները հայտնում են ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող որոշ իսրայելացի պատանդների մահվան մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս