Հռոմի պապը հայտնել է, թե որտեղ է ցանկանում հուղարկավորվել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցանկանում է, որ մահվանից հետո իրեն հուղարկավորեն Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում, որը Հռոմի չորս գլխավոր բազիլիկներից մեկն է։ Այդ մասին քահանայապետը դեկտեմբերի 12-ին հայտնել է Մեքսիկայի N+ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Տեղն արդեն պատրաստ է․ ցանկանում եմ, որ ինձ ուղարկավորեն Սանտա Մարիա Մաջորեում: Այո՛, որովհետև ես շատ նվիրված եմ այս վայրին, ես միշտ գնացել եմ այնտեղ… Գոյություն ունի շատ ամուր կապ։ Ես արդեն հանդիպել եմ հուղարկավորության արարողության կազմակերպիչների հետ»,- Ֆրանցիսկոս պապի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Դեկտեմբերի սկզբին քահանայապետը շնչուղիների բորբոքմամբ ուղեկցվող գրիպի պատճառով ստիպված էր հրաժարվել Դուբայ ուղևորությունից, որտեղ պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP28):
«Ես ինձ ավելի լավ եմ զգում: Երբեմն ինձ ասում են, թե ես անխոհեմ եմ, որովհետև ցանկանում եմ ինչ-որ բան անել և շարժվել: Բայց դրանք լավ նշաններ են, ես միանգամայն առողջ եմ»,- հավելել է Հռոմի պապը: