Իշխանական պատգամավորի հակասական հայտարարությունները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը վստահեցնում է՝ խաղաղության պայմանագրի շուրջ այսօր Հայաստանն Ադրբեջանի հետ գտնվում է խորը բանակցային պրոցեսում։ Հետևաբար, ՔՊ-ի օրակարգում խաղաղության օրակարգն է ու դրանից բխող քայլերի հաջորդականությունը։

«Այն ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են մեր քաղաքացիների նկատմամբ, Հայաստանը չի կարող աչք փակել։ ՀՀ-ն բոլոր հարթակներում խոսում է Արցախում տեղի ունեցած անվտանգային, իրավական խախտումների մասին»,- ասաց իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը և լրագրողներին հորդորեց՝ Արցախում տեղի ունեցածն ու Ադրբեջանի հետ Հայաստանի կողմից ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը չնույնականացնել՝ դրանք առանձին գործընթացներ են։

Ըստ պատգամավորի՝ այս առումով Հռոմի ստատուտի ընդունումը չպետք է աննպատակ կլինի, բայց նաև պետք է հասկանան, թե ինչի համար են այն ընդունել։

«Չեմ կարծում, որ մենք այն ընդունել ենք կոնկրետ որևէ անձի դեմ։ Հռոմի ստատուտի ընդունումը որոշ չափով բարձրացրել է ՀՀ անվտանգության երաշխավորությունը։

Կարդացեք նաև

Մենք մեր գնահատականներով պետք է այնպիսին լինենք, որպեսզի մոտեցնենք միմիայն այդ խաղաղության պայմանագրի կնքումը»,- շեշտեց նա։

Լրագրողներն իշխանական պատգամավորին հիշեցրեցին՝ ի՞նչ արդյունավետ բանակցությունների մասին է խոսքը, երբ օրեր առաջ թշնամու կրակոցից հայ զինվոր զոհվեց, Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց, որ չափազանց ծանր են տանում ամեն մի կորուստ և հենց այդ կոնտեքստում են փորձում ամեն ինչ անել, որպեսզի նման բաներ տեղի չունենան։

Այնուհետև հակասելով իր նախորդ խոսքին՝ շեշտեց՝ այսօր բավականին դժվարին իրավիճակում են գտնվում՝ անվտանգային ու բանակցային հարցերի հետ կապված, սակայն իրավունք չունեն հետքայլ անելու։ Այս համատեքստում նա նաև ասաց՝ պատմական հնարավորություն է ստեղծվել կնքելու խաղաղության պայմանագիր՝ կա փոխըմբռնում երկու երկրների միջև, որ խաղաղության պայմանագիրն այլընտրանք չունի։

«Սա ամենամեծ ձեռքբերումներից է, որ մենք ունեցել ենք վերջին շրջանում, քանի որ տևական ժամանակ Հայաստանը խաղաղությունն իր օրակարգում առաջնային դարձնելով՝ գնում է խաղաղության պայմանագրի ստորագրման»,- ասաց Վ. Հակոբյանը։

Խոսելով ԵՄ-ի կողմից ՀՀ-ում քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների թվի ավելացման մասին, ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ դրան դրական է վերաբերվում։ Արդյո՞ք դա կամրապնդի ՀՀ անվտանգությունը՝ հարցին նա պատասխանեց, որ ՀՀ-ում անվտանգությունը կամրապնդի խաղաղության պայմանագիրը։

«Չեմ կարող ասել՝ այն ա՞յս տարի կստորագրվի, թե՞ հաջորդ տարի, բայց հավանական եմ համարում այդ պայմանագրի ստորագրումը»,- ընդգծեց նա։

Խոսելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, նա ասաց՝ չգիտի, թե օրակարգը որտեղից է եկել, այն ֆեյք օրակարգ է, նման բան չեն քննարկում։

Տեսանյութեր

Լրահոս