Դատախազությունն ընթացք է տվել ՌԴ քաղաքացուն 102-րդ ռազմաբազայի ՌՈ կողմից ձերբակալելու ահազանգին
Գյումրիում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դմիտրի Սեդրակովին ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալելու մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Այդ մասին տեղեկությունը հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ստացել: Հաղորդմանն օրենքով նախատեսված կարգով ընթացք է տրվել»,- նշեցին դատախազությունից։
Նշենք, որ խոսքը վերաբերում է սույն թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված ահազանգին, համաձայն որի՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները փողոցում ձերբակալել են Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացուն։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը տեղի ունեցածը որակել է՝ «ապօրինություն և մարդու առևանգում»․ «Այլ երկրի իրավապահ մարմնի կողմից ՀՀ տարածքում տեղի է ունեցել մարդու առևանգում: Եվ եթե դա արված լինի ոչ թե ՌԴ ոստիկանության, այլ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից, դա ընդհանրապես խայտառակություն է: Դա ոտնձգություն է ՀՀ անվտանգության և ինքնիշխանության դեմ»։