Ադրբեջանում լրագրողներին բանտարկում են ԱՄՆ-ի հետ համագործակցելու համար. BBC
Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների հզոր ալիք է սկսվել։ Նրանք մեղադրվում են ԱՄՆ-ի հետ համագործակցելու մեջ։ Միաժամանակ երկրում հակաամերիկյան արշավ է ընթանում․ ամերիկյան բուհերի շրջանավարտները հայտարարվում են լրտեսներ, իսկ Վաշինգտոնը մեղադրվում է հայանպաստ քաղաքականության մեջ։ Ո՞րն է ձերբակալությունների և արշավի իրական պատճառը։
«Իշխանություններն ասում են, որ երկրում գործում է ամերիկյան գաղտնի գործակալների մի ամբողջ ցանց՝ որպես լծակ օգտագործելով ժողովրդավարության և խոսքի ազատության խթանումը։ Միաժամանակ Բաքվում տեղի են ունեցել իշխանությունների կողմից չվերահսկվող լրագրողների ձերբակալություններ։ Ընդհանուր առմամբ, անցած ուրբաթ օրվա դրությամբ իրավապաշտպանների տվյալներով, բանտում է գտնվում 11 լրագրող, իսկ քաղբանտարկյալների ընդհանուր թիվը երկրում այս տարվա գարնանից ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով 254-ի։
Ադրբեջանում արդեն պատահել է, որ իշխանամետ մամուլի կողմից իրենց արշավներում հնչեցրած մեղադրանքները չեն համապատասխանել նրան, ինչ հետագայում մեղսակցել է հետաքննությունը։ Հայտնի իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսներին մեղադրել են հայկական լրտեսներ լինելու մեջ, սակայն 2014 թվականին նրանց կալանավորել են ֆինանսական հանցագործությունների համար։
Իրավապաշտպանները, որոնք դեռևս մնացել են Ադրբեջանում, ինչպես նաև նրանք, ովքեր հեռացել են, և նրանց օտարերկրյա գործընկերները լրագրողների դեմ բոլոր մեղադրանքները համարում են քաղաքական հետապնդումներ, իսկ ձերբակալությունները՝ անօրինական։
Լրագրողների լրտեսության մեղադրանքները ամերիկյան դրամաշնորհներ ստանալու քողի տակ իրականում ցույց են տալիս ոչ թե իշխանության ուժը, այլ նրա թուլությունը, ասում է ամերիկացի պրոֆեսոր Ջերարդ Տոլը, որն ուսումնասիրում է Հարավային Կովկասը։
«Իշխանությունները պետք է ապահովեն ավտորիտար կառավարման շարունակությունը, հատկապես այս պահին, երբ Ալիևի հիմնական հավակնությունները՝ Ղարաբաղի վերադարձը և տարածքային ամբողջականությունը, այլևս արդիական չեն, և հետևաբար պետք է լինի նոր թշնամի»,- ասում է փորձագետը։
ԱՄՆ-ի դեմ արշավի պատճառների մասին ո՛չ Ադրբեջանի իշխանությունները, ո՛չ էլ նրանց կողմից վերահսկվող մամուլը ուղղակիորեն չեն խոսում, սակայն դատելով վերջին մեկ ամսվա ընթացքում մամուլում հրապարակված բազմաթիվ տեքստերից՝ կարելի է ենթադրել, որ պատճառը ԱՄՆ դիրքորոշումն է Ղարաբաղի վերաբերյալ և ռազմական ոլորտում ԱՄՆ-ի ու Հայաստանի մերձեցումը։
Բացի այդ, ամսվա կեսերին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները չի երկարաձգի «Ազատության պաշտպանության մասին» օրենքի 907-րդ հոդվածի կասեցումը: Դեռ 1992 թվականին ընդունված այս ուղղումն արգելում է ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։
Այս տարի ուղղումը պետք է նորից գործի, ինչպես ասում են Վաշինգտոնում, հատկապես սեպտեմբերի 19-ի դեպքերի հետ կապված, երբ Ադրբեջանի ռազմական գործողության արդյունքում հայ բնակչությունը ստիպված եղավ լքել Ղարաբաղը և փախչել Հայաստան։
«Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու Արևմուտքի նախընտրած քաղաքական գործընթացը ձախողվեց, իսկ բռնությունը հաղթեց», – ասում է պրոֆեսոր Տոլը:
Հաշվի առնելով դա, ըստ նրա, Միացյալ Նահանգները ներդրումներ է կատարում Հայաստանում տեղահանվածներին օգնելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար՝ ավելի քան 100 հազար ղարաբաղցի հայերի արտագաղթի համար պայմաններ ստեղծելու համար:
«Պատմական հեգնանքն այն է, որ այսօր Ղարաբաղի հարցում ԱՄՆ երկու առաջատար քաղաքական գործիչները՝ Սամանթա Փաուերը՝ USAID-ի միջազգային օգնության գործակալությունից և Ջեյմս Օ՛Բրայենը՝ Պետդեպարտամենտից, երկուսն էլ Բոսնիայի հարցով ամերիկյան քաղաքականության վետերաններ են, – նշում է փորձագետը։- Այնտեղ նրանք խորապես կարեկցում էին էթնիկ զտումների զոհերին, հիմնականում բոսնիացի մահմեդականներին, և այսօր նրանք գործ ունեն մահմեդական պետության հետ, որը էթնիկ զտումներ է իրականացրել առավելապես քրիստոնյա ժողովրդի դեմ»:
Նոյեմբերին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կշտամբեց Միացյալ Նահանգներին երկար տարիներ չմիջամտելու համար, երբ Ադրբեջանը պահանջում էր հայրենիք վերադարձնել հարյուր հազարավոր ադրբեջանցիների, որոնց հայերը վտարել էին Ղարաբաղից և նրա հարակից շրջաններից ավելի քան 30 տարի առաջ, և Սամանթա Փաուերը, որն այսօր պաշտպանում է հայերի իրավունքները, ըստ նրա, անտեսել է այս խնդիրը։
Նա նաև կոչ արեց հետաքննություն սկսել ԱՄՆ-ում «հայամետ քաղաքական գործիչների» դեմ։
Նա չխոսեց լրագրողների ձերբակալությունների մասին, բայց խոսեցին խորհրդարանի պատգամավորները՝ դրսից ֆինանսավորվող լրատվամիջոցներն անվանելով հակաադրբեջանական ուժեր, «հինգերորդ շարասյուն» և «դավաճաններ»։