Դիտարկված միտումների զարգացումն ու ամրապնդումը կարող է արագորեն հանգեցնել «պետության զավթման» ռիսկերի մի նոր համակարգի ձևավորմանը. Թրանսփերենսի ինթերնեշնլ
Քսան տարի առաջ՝ 2003 թվականի հոկտեմբերի 31-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 58/4 բանաձևով ընդունեց Կոռուպցիայի դեմ կոնվենցիան և դեկտեմբերի 9-ը հռչակեց որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։
2023 թվականը նշանավորվում է նաև Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի 20-ամյակով՝ հաշվի առնելով, որ հակակոռուպցիոն առաջին ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրն ուժի մեջ են մտել 2003 թ․ դեկտեմբեր 20-ին։
Անցած 20 տարիներին Հայաստանն ունեցել և իրականացրել է չորս հակակոռուպցիոն ռազմավարություն՝ համապատասխան միջոցառումների ծրագրերով։ Միացել է միջազգային հակակոռուպցիոն կոնվենցիաներին և ստանձնել մի շարք պարտավորություններ։ Պետության կողմից վարվող հակակոռուպցիոն քաղաքականությունը եղել է խիստ անարդյունավետ, երբեմն կրել է իմիտացիոն բնույթ և հիմնականում միտված է եղել կանխարգելման միջոցառումների իրականացմանը, օրենքների ընդունմանը, էթիկայի հանձնաժողովների ստեղծմանը։ Սակայն օրենքների ճնշող մեծամասնությունը մնում էր թղթի վրա, իսկ ստեղծված ինստիտուտների արդյունավետությունը ցածր էր։ Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) տվյալներով, հակակոռուպցիոն պայքարի առումով, անցած տարիների մեծ մասը բնութագրվել է որպես «լճացման» տարիներ։
Կոռուպցիայի դեմ պայքարի իրավիճակի էական բարելավում արձանագրվեց միայն 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո: Հանրային տրամադրություններում նկատվեց զգալի փոփոխություն։ ԹԻ ԿԸՀ արժեքը 2019-2020 թվականներին աճեց միանգամից 14 միավորով՝ «լճացման» տարիների 35 միավորից հասնելով 49-ի։ 2021 թվականին այն մնաց անփոփոխ, իսկ 2022 թվականին նահանջեց՝ իջնելով 46-ի։
ԹԻ-ն այդ նահանջը գնահատեց որպես «անհանգստացնող» և արձանագրեց, որ այն «արտացոլում է զսպումների և հակակշիռների պահպանման, իրավապահ մարմինների բարեվարքության, դատական համակարգի անկախության ապահովման և քաղաքացիական տարածքի պաշտպանության հարցերում առկա հետընթացը։»
Նմանապես անհանգստացնող են 2023 թ․ հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները։
- Հարցվածների 73%-ը գտնում է՝ կոռուպցիան երկրի համար շատ լուրջ կամ որոշ չափով լուրջ հիմնախնդիր է, և միայն 25%-ի կարծիքով է այն շատ փոքր կամ որոշ չափով փոքր հիմնախնդիր։
- Հարցվածների 60%-ը համարում է, որ վերջին 12 ամիսների ընթացքում կոռուպցիայի մակարդակը Հայաստանում աճել է կամ մնացել է անփոփոխ։
- Հարցվողների միայն 2%-ն է նշել կոռուպցիայի կանխարգելումը՝ որպես կառավարության վերջին 6 ամիսների ամենամեծ նվաճում։ Առավել մեծ խումբը՝ 43%-ը, նշել է, որ ոչ մի նվաճում կառավարությունը չի ունեցել։
- Կառավարության կողմից անցկացվող հակակոռուպցիոն բարեփոխումների մասին հարցին հարցվողների 46%-ը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել, իսկ 32%-ը ասել է, որ տեղյակ չէ այդպիսի բարեփոխումների մասին։
- Հարցվածների 43%-ը կարծում է, որ վերջին 6 ամիսների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարը որոշ չափով կամ զգալիորեն բարելավվել է, իսկ 23%-ի կարծիքով՝ այն որոշ չափով կամ զգալիորեն վատացել է։ Այս պատասխանները հատկապես խնդրահարույց են 2018 և 2019 թթ․ նույնանման հարցումների արդյունքների համադրմամբ։ Ընդամենը 4-5 տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում իրավիճակի բարելավում ընկալողների տեսակարար կշիռը երկրում նվազել է մոտ 2 անգամ (82%-ից հասնելով 43%-ի), իսկ վատթարացում ընկալողներինը՝ աճել 11․5 անգամ (2%-ից հասնելով 23%-ի)։
2023 թվականը նշանավորվեց ՀՀ կառավարության կողմից թվով 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարության և 2023-2026 թթ․ միջոցառումների ծրագրի ընդունմամբ։ Այս փաստաթղթերի փաթեթը մշակվեց մասնակցային գործընթացների արդյունքում՝ ներառելով շահագրգիռ խմբերի ներկայացուցիչներին։ Հակակոռուպցիոն նոր ռազմավարությամբ նախատեսված են հավակնոտ ու էական միջոցառումներ հակակոռուպցիոն ինստիտուտների լիարժեք կայացման, դրանց գործունեության արդյունավետության ու կարողությունների զարգացման համար։ Այդ միջոցառումների իրագործումը կարող է զգալի առաջընթաց ապահովել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում։
2023 թ․ վերանայված և լրամշակված Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը և նախատեսվող գործողությունների ծրագիրն իրենց հերթին ձևավորում են լրացուցիչ ակնկալիքներ հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված միջոցառումների արդյունավետ իրականացման գործում՝ հանրային կառավարման ոլորտում ապահովելով կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար առավել բարենպաստ միջավայր։
Միևնույն ժամանակ, զուգահեռ իրականության մեջ, 2023 թվականն աչքի է ընկել կոռուպցիայի մի շարք բացասական դրսևորումներով։
ԹԻՀԿ դիտարկումներով առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհարիր և անպատասխանատու վարքագիծը, հովանավորչությունը, չհիմնավորված և/կամ մեկ անձից գնումների շարունակվող ավանդույթը, պաշտոնյաների ներգրավվածությունը ձեռնարկատիրական գործունեության մեջ, նրանց փոխկապակցված անձանց շահումները հանրային գնումներում, կոռուպցիոն նոր սխեմաների ձևավորումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցածր ցուցանիշը, ապօրինի հարստացման և գույքի բռնագանձման գործընթացում միայն նախկին պաշտոնյաներին թիրախավորելը։
Կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետությունը հաճախ վերագրվում է քաղաքական կամքի բացակայությանը․ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն հայտարարություններ անել, օրենքներ ընդունել, ռազմավարություններ և միջազգային պարտավորություններ ստանձնել է, այլև դրանք կյանքի կոչել, համապատասխան միջոցներ և կարողություններ մոբիլիզացնել, վճռականություն ու նախաձեռնողականություն ցուցաբերել, պատշաճ ջանադրում ու կատարողական ապահովելն է։ Այն ակնկալում է ոչ միայն երկրի բարձրագույն ղեկավարության կողմից բարձրաձայնած մտադրություն, այլև իշխող քաղաքական ուժի, բարձրաստիճան, հակակոռուպցիոն ու վերահսկող մարմինների տարբեր մակարդակների բոլոր պաշտոնյաների ամենօրյա ջանքերն ու օրինակելի վարքագիծ։ Առանցքային կարևորություն ունի պետական կառույցների, հատկապես ՀՀ Ազգային ժողովի վերահսկող, զսպող և հակակշռող գործառույթի իրականացումը։
Դիտարկված միտումների զարգացումն ու ամրապնդումը կարող է արագորեն հանգեցնել «պետության զավթման» ռիսկերի մի նոր համակարգի ձևավորմանը։ ՀՀ կառավարությունը պետք է լրջորեն վերագնահատի իր գործողություններն ու ձախողումները կոռուպցիայի դեմ պայքարի դաշտում և հետևողականություն դրսևորի հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված գործողությունների լիարժեք իրականացման համար։
Անհրաժեշտ են վճռական քայլեր, որոնք կօգնեն ամրապնդել պետական ինստիտուտները և վերականգնել դրանց նկատմամբ հանրային վստահությունը՝ դիմակայելու Հայաստանի Հանրապետության առջև ներկայումս ծառացած ահռելի մարտահրավերներին։
Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուցիոն կենտրոն