
Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ նախաձեռնել է հանրային կառավարման բարեփոխումների ծրագիր

Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ նախաձեռնել է հանրային կառավարման բարեփոխումների ծրագիր՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ:
Տիգրան Ավինյանը նախագծի ընթացքի հետ կապված հարցեր է քննարկել բանկի ներկայացուցիչներ Արման Վաթյանի և Խուրամ Ֆարուքի հետ հանդիպման ժամանակ։
«Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, քաղաքացիների հետ հետադարձ կապ. սրանք այն կարևոր գործընթացներն են, որոնք ընդգրկված են ծրագրում: Կլինեն առցանց հարթակներ և բջջային հավելված՝ օգտվողների համար կիրառման հարմարվետության ապահովմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ կարևորելով համատեղ նախագծի իրականացումը՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի թվային փոխակերպման ծրագրի առանցքային նպատակը բնակիչներին մատուցվող ծառայությունները հասանելի, թափանցիկ ու հարմարավետ դարձնելն է:
Նշվում է, որ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել հնարավորին կարճ ժամկետում, ըստ համայնքի նախանշած առաջնահերթությունների, ծրագիրը տեղափոխել գործնական փուլ:
Նախագիծը կյանքի կոչելու համար վեր են հանվել բոլոր այն խնդիրները, որոնք դժգոհություններ են առաջացնում բնակիչների շրջանում: Ձևավորվել է թվայնացման խորհուրդ, քննարկվել են հիմնական նպատակները՝ քաղաքացիակենտրոն միասնական հարթակ ստեղծելու համար: