Անկլավների հարց չի քննարկվել. Մհեր Գրիգորյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին հանդիպման օրակարգի մասին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու։ ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել էր փոխվարչապետից, թե որ թվականի քարտեզով է իրականացվելու դելիմիտացիան, արդյոք Ադրբեջանը համաձայնել է, որ 1975թ. քարտեզով դելիմիտացին, հայկական կողմը որպես նախապայման առաջ քաշում է արդյոք, որ պայմանագրի ստորագրումից առաջ Ադրբեջանը հետ քաշի զորքն օկուպացված տարածքներից, եւ ընդհանրապես առանց դելիմիտացիայի հնարավոր է խոսել հարաբերությունների կարգավորման մասին։
Մհեր Գրիգորյանը, փաստացի, պատասխաններ չուներ բարձրացված հարցերին. «Դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու, դա ակնհայտ է:
Կարծես թե, փոխադարձ ընկալում կա, որ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա: Երկրորդը՝ մենք աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզի տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են: Օրինակ՝ 1975 թվականի քարտեզը, դա մանրակրկիտ պետք է հետազոտվի: Չկա դելիմիտացիայի որևէ դիսկրետ լուծում: Չի լինելու մի հանդիպում, որից հետո մենք գանք և հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է: Դա ուղղակի անհնարին է»,- հայտարարել է փոխվարչապետը:
Նա կարևորել է այն հանգամանքը, որ կողմերը միատեսակ են ընկալում այդ գործընթացը, դրա նշանակությունն ու աշխատանքի ձևը, ինչպես նաեւ հայտնել, որ վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվել են հաստատել աշխատակարգ, որը կնկարագրի աշխատանքի ինստիտուցիոնալ ընթացքը:
«Կարծում եմ՝ մենք մոտ ժամանակներում այդ աշխատակարգը կներառենք կառավարության նիստի օրակարգ, որոշում կկայացնենք և այդուհետ մեր հանդիպումներն ավելի ինստիտուցիոնալ կլինեն»,-ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով անկլավների, էքսկլավների վերաբերյալ հարցին՝ Գրիգորյանն ասաց. «Դժվար է ասել վերջնականապես այդ հարցն ունի՞ որևէ իրավական նշանակություն ունեցող հիմք, թե՞ չունի»: