Հարությունյանը կասկածում է՝ ՔՊ-ն իրեն կարող է չընտրել ՔՊ-ականների նկատմամբ վարույթների պատճառով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանն ԱԺ-ում հայտարարել է, թե ԱԺ պատգամավորներին առնչվող վարույթներ են հարուցվել հանձնաժողովում․

«Հարուցվել է նախկին, բայց նաև գործող կազմով ԱԺ պատգամավորի նկատմամբ շահերի բախման վարույթ, հարուցվել է ավելի քան 5 վարույթ՝ անհամատեղելիության հիմքով, բիզնես գործունեության հետ կապված։ Նույն չափով կամ ավելին եղել են հայտարարագրման ենթակա տվյալների սխալների մասով»,- ասել է նա՝ հավելելով, որ խնդիրը չի վերաբերել հանձնաժողովի կողմից եզրափակիչ ակտի տեսքով կայացված եզրակացությանը կամ որոշումներին. «Ստուգման գործընթացը բավական մեծածավալ ու բազմազան է եղել, ողջ ԱԺ-ի՝ բոլոր խմբակցությունների պատգամավորների անհամատեղելիության հարցը մանրամասն ուսումնասիրվել է»։

Հարցին՝ այդ վարույթները կարո՞ղ են ազդեցություն ունենալ ԱԺ պատգամավորների քվեարկության արդյունքների վրա, Հարությունյանը պատասխանել է «Կարծում եմ՝ քվեարկության արդյունքները դրա ուղիղ պատասխանը կտան»։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ արձագանքել է. «Դուք հարցականի տա՞կ եք դնում ԱԺ պատգամավորների քվեարկության բարեխղճությունը և դա կապում եք ԱԺ պատգամավորի՝ իր նկատմամբ հանձնաժողովի այս կամ այն տեսակի վարույթի հե՞տ։ Ճի՞շտ եմ հասկանում»։

Տեսանյութեր

Լրահոս