Ադրբեջանում գտնվող գերիների թեման իշխանության օրակարգում չէ. Աբրահամյան

«Հայաստանյան իշխանությունների հռչակած տարատեսակ չակերտավոր խաղաղության բանաձևերն ակնհայտորեն շրջանցել են Բաքվի բանտերում գտնվող շուրջ 6 տասնյակ գերիներին: Մեկի համար խաղաղությունը նախընտրական խոստում էր, որը մյուս ծրագրային դրույթների նման կյանքի չկոչվեց, մյուսի՝ իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի համար, տարածքային ախորժակը բավարարելու միջոց»,- այսօր Ազգային ժողովում (ԱԺ) հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության արտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ «հասարակությունը չի մոռացել, թե նախընտրական փուլում չագուչով շրջող Փաշինյանն ինչպես էր գոռում, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար կներեն մեզ, բայց չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»:

«Հիմա ինչպե՞ս պետք է իր ծանր կյանքը քարշ տա ադրբեջանական բանտում գտնվող մեր հայրենակիցը, եթե 1-2 ամսվա փոխարեն՝ 2-2.5 տարի է անցել` ինքը բանտում է, իսկ իր ազատությունն ու անկախությունը զիջված են: Այդ մարդկանց զորակոչելուց, պատերազմի տանելուց գոռում էին՝ հանուն հայրենիքի է, իսկ նույն այդ հայրենիքը զոհաբերեցին, դրա համար պայքարողներին էլ բախտի քմահաճույքին թողեցին»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորը նաև նշեց՝ պաշտոնական Բաքուն նույն կերպ փորձում է շահարկել Արցախի գործող և նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գերության հանգամանքը, ովքեր ակնհայտ քաղաքական հետապնդման են ենթարկվում:

Կարդացեք նաև

«Սրանով Ադրբեջանը փորձում է թաղել Արցախի հաղթանակների, պետականության և պայքարի  փուլը ու փակել այդպես էլ չփակվող և Ադրբեջանի կոկորդին մնացած Արցախի էջը: Սինքրոն՝ նույն գործով և գրեթե նույնանման գործիքակազմի կիրառմամբ զբաղված է Հայաստանի իշխանությունը, ում համար Արցախի հարցն արդեն փակված է, կնիքը դրված է և սև գործը՝ արված: Նստելու ենթակա յուրաքանչյուր անձի դեպքում կա քաղաքական հաշվարկ և ուղերձ՝ Արմեն Աշոտյանից, Գրիգորի Խաչատուրովից, Նարեկ Մալյանից, Մամիկոն Ասլանյանից՝ մինչև մարդիկ, ում անունները հասարակության ճնշող մեծամասնությունը չգիտի. նրանք բոլորը քաղաքական իշխանությունների թիրախում են»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս