ՀՀ և ՌԴ բուսասանիտարական մարմինների միջև խորհրդակցություններ են ընթանում՝ առաջացած խնդիրների հրատապ լուծման նպատակով
Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում դեկտեմբերի 1-ին կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։ Արդյունքում՝ դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«Միաժամանակ, հայտնում ենք, որ ներկայումս երկկողմ (Հայաստան-Ռուսաստան – խմբ.) աշխատանքային խորհրդակցություններ են ընթանում բուսասանիտարական ոլորտում իրավասու պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների միջև՝ առաջացած խնդիրների հրատապ կարգով լուծման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Ռոսսելխոզնադզոր»-ը (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն) ավելի վաղ հայտարարել էր, որ 2023 թ․ ընթացքում Հայաստանից մատակարարված ծաղկի և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում գրանցվել է կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։
«Ընդ որում, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ՝ միայն նոյեմբերի 24-ից 26-ը հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի՝ Ռուսաստան ներկրման 36 դեպք», – նշվել է հատարարության մեջ։
Դրան անդրադառնալով՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ Հայաստանի համար տարօրինակ է, որ այս տարի Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքներով բեռնված 6 տասնյակից ավելի մեքենաներ են հետ վերադարձվում, երբ հայ մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն կատարել:
«Մենք վերցրել ենք «Ռոսսելխոզնաձոր»-ի հրապարակած նյութերը և դրանք ուսումնասիրում ենք, որ հասկանանք, թե ինչքանով են մեր տնտեսավարողների արտադրած ապրանքներն անհամապատասխան այն կարգավորումներին, որոնք Ռուսաստանը կիրառում է»,-ասել էր Քերոբյանը և հավելել. «Մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ տարվա մեջ 35 մեքենա է հետ վերադարձվում, հետո 2 օրվա մեջ՝ ևս 35 մեքենա՝ այն դեպքում, երբ մենք կարգավորումների և մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն արել»։ Նա հայտնել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում սկսել է գործողություններ: «Հրավիրվել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա 2 օրերի ընթացքում»,- նշել էր Քերոբյանը:
Մինչ այդ Վերին Լարսի անցակետում գյուղմթերք ու այլ ապրանքներ Ռուսաստան արտահանող հայկական բեռնատարները խնդիրների են բախվել, օրեր շարունակ հայկական բեռնատարները Վերին Լարսի անցակետի հերթերում են եղել: