Հայաստանը կստանա 50 Bastion զրահամեքենա․ Ֆրանսիայի Սենատը կոչ է արել արագ արձագանքել ՀՀ խնդրանքներին
Ֆրանսիայի Սենատը խորհուրդ է տվել հնարավորինս արագ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը Հայաստան՝ հաշվի առնելով այս տեխնիկայի արդյունավետությունը և Nexter-ի նոր արտադրական հզորությունները 2024 թվականին։
Ֆրանսիայի Սենատի հաղորդագրության համաձայն, Հայաստանը վերջերս Thales-ից երեք GM200 ռադիտեղորոշիչ կայանների պատվեր է ստորագրել, և քննարկումներ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։
Սենատը նաև նշել է, որ ֆրանսիական «Arquus» ընկերության արտադրած «Bastion» տիպի 24 զրահամեքենա արդեն ուղարկվել է Հայաստան, որոնց պետք է միանան ևս 26 նույն տիպի մեքենաներ, որոնք հիմա արտադրվում են։
«Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են Հայաստանին «պաշտպանական» զենք մատակարարել։ Պաշտպանական և հարձակողական զենքերի այս տարբերակումը իրականում այնքան էլ գործնական չէ, ինչպես ցույց տվեց Ուկրաինայի պատերազմը: Չկրկնենք նույն սխալները և չհետաձգենք այն սարքավորումների մատակարարումը, որոնք անհրաժեշտ կլինեին ի սկզբանե։ Այդ իսկ պատճառով մենք պետք է օպերատիվ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, հատկապես՝ կապված նրանց հրետանու կարիքի հետ», – ասել են Ֆրանսիայի Սենատում:
Զենքի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2023 թվականի հոկտեմբերին Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստյեն Լեկորնյուի և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպման ժամանակ։