ԱՄՆ նոր դեսպանը ժամանեց Ադրբեջան. սպասվում է նաև Օ՛Բրայենի այցը

Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբբին արդեն ժամանել է Բաքու։ Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժովն էր հավանություն տվել Բայդենի կողմից առաջադրված Լիբբիի թեկնածությանը։

Արդեն նախկին դեսպան Էրլ Լիցենբերգերի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր 2022 թվականի հուլիսին և արդեն մեկ տարուց ավելի` այս պաշտոնը թափուր էր։

Լիբբին երկարամյա դիվանագետ է, աշխատել է Բրյուսելում որպես Եվրամիությունում ԱՄՆ առաքելության ղեկավարի օգնական և գործերի ժամանակավոր հավատարմատար, խորհրդական է եղել նաև Վարշավայի, Նասաուի, Նիկոսիայի և Բաղդադի ամերիկյան դեսպանություններում, բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ պետքարտուղարությունում։ Նա առաջին անգամ է նշանակվում դեսպանի պաշտոնում։

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հունիսին կայացած լսումների ժամանակ, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, նա հայտարարել էր՝ «հաստատվելու դեպքում կշարունակեմ ԱՄՆ ջանքերն՝ ուղղված խաղաղության համաձայնությանը»։

Ադրբեջանի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն ու քայլերը լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Օրերս սպասվում է նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի այցն Ադրբեջան, որի հայտարարությունները Ադրբեջանում լուրջ դժգոհություններ էին առաջացրել: Ալիևը կողմնակալ էր համարել Ջեյմս Օ՛Բրայենի՝ նոյեմբերի15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումներում արտահայտած կարծիքները՝ շեշտելով՝ «դրանք չեն արտացոլում իրականությունը»։

Ըստ Ադրբեջանական մամուլի` պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցում անդրադառնալով երկկողմ հանդիպումները և բարձր մակարդակի շփումները իրենց կողմից չեղարկելու հարցին՝ Ալիևն ասել է, որ ԱՄՆ հետ իրենց երկկողմ հարաբերությունները չեն կարող նախկինի պես լինել:

Ըստ APA-ի՝ Բլինքենը թույլտվություն էր խնդրել, որպեսզի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերին այցելի Ադրբեջան՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Ալիևը համաձայնել է այս առաջարկին, բայց մեկ պայմանով, որ «Վաշինգտոնը վերացնի ադրբեջանցի պաշտոնյաների՝ ԱՄՆ այցելելու անհիմն արգելքը»։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը նշում է, որ «Բլինքենը ընդունել է այդ առաջարկը»։ Եվ ահա, դեսպանի ժամանումից հետո սպասվում է Օ՛Բրայենի այցն Ադրբեջան:

Տեսանյութեր

Լրահոս