Ավինյանը Հյուսիս-Հարավի հարցով չինացիներին ասաց՝ կպատասխանենք, մի նամակ էլ չգրեցին. հետո իմացանք՝ Արևմուտքը Հայաստանին ասել է՝ Չինաստանի հետ ոչինչ չանես. Հրանտ Բագրատյան
«Չինաստանում Մետաքսի ճանապարհը 6 հատ է։ Դրանցից մեկը կարող է մեզ վերաբերել։ Չինացիներն ուզում էին ունենալ մի ճանապարհ, որի մեջ թուրքական պետություն չլիներ։ Դրա համար մեզ պետք էր, որ Մեղրիի հատվածից մինչև վերև ճանապարհ կառուցվեր։ Եվ այդ ճանապարհի ամենակարևոր հատվածը Սյունիքի հատվածն էր, այլ ոչ թե այն, ինչ մեկ միլիարդ ծախսեցին ու սարքեցին»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում, 168.am-ի եթերում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը՝ խոսելով Հյուսիս-Հարավ ճանապարհի կարևորության ու չինական չստացված համագործակցության մասին:
Նրա խոսքով՝ նախկին իշխանությունը ճանապարհի մի մասը՝ 30-40 կմ, կառուցեց, սրանք եկան, հայհոյեցին նախկիններին, մի միլիարդի կեսը ծախսեցին, կառուցեցին ճանապարհ, դրանից էլ պակաս, որը ոչ մեկին պետք չէ։
«Կառուցեցին Երևան-Գյումրի ճանապարհի վրա, որն առանց այն էլ չէր վառվում: Վառվում էր Սյունիքը, որովհետև Քաջարանում տեղ կա, 2600 մետր բարձրանում է ճանապարհը, ձմռանը փակվում է: Վառվում է այսօր, որովհետև երբ Նիկոլ Փաշինյանը 2020թ. Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ տվեց Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհը, և հիմա մենք գնում ենք Հալիձորով, որտեղ ճանապարհ չկա: Չի կարող լինել: Էդ որ Սուրեն Պապիկյանն ասում էր՝ սարքում ենք, 2 բեռնատար անցնում է, ճանապարհը քանդվում է: Փառք Ռուբեն Վարդանյանին, որ Տաթևեր ճոպանուղին կառուցեց մարդկանց համար»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
ՀՀ նախկին վարչապետն ասաց նաև՝ չինացիները որ եկան, ես անձամբ եմ տարել Ավինյանի մոտ, ով այն ժամանակ փոխվարչապետ էր:
«Ասաց՝ կպատասխանենք, այդպես էլ մի նամակ չգրեցին: Հետո մենք իմացանք, որ Արևմուտքը Հայաստանին ասում է՝ Չինաստանի հետ ոչինչ չանես: Սա Փաշինյանի կառավարության ճակատին գրված է: Ավինյանը հայտնի է իր ամերիկյան կապերով վերևներում: Երկար ժամանակ աշխատում էր «Տաթև-հէկում», որ ամերիկացիներն առան: Չինաստանը պարտավորվում էր ձրի մեզ համար 9 ամսում ճանապարհ կառուցել։ Ասում էր՝ շահագործելիս փողը կհանեմ: Ձրի ճանապարհ կստանային, ճանապարհ, ուր կար 9 կամուրջ, 12 թունել: Հրաժարվեց Փաշինյանի կառավարությունը»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: