ՀՀ ու օտարերկրյա քաղաքացիների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ -ի հետազոտությունն ու բուժումն անվճար է
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ն ակտիվ աշխատանք է կատարում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի տնօրեն Ստեփան Աթոյանը նշեց, որ գործընկեր կազմակերպությունների հետ հատկապես ուշադրության կենտրոնում են պահում թիրախային խմբերը։
«Վարակը փոխանցվում է սեռական, ներերակային և մորից պտղին ճանապարհով։ Դրանից էլ բխում են ռիսկի խմբերը։ Մասնավորապես, միգրանտ ընտանիքները, երբ արտագնա աշխատանքի են մեկնում այլ երկրներ ու չպաշտպանված սեռական ճանապարհով վարակվելու ռիսկը մեծ է։ Հաջորդ ռիսկի խումբը ներերակային ճանապարհով թմրանյութեր օգտագործողներն են։ Այս տարի, հոկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել ենք ՄԻԱՎ-ի հայտնաբերման 421 դեպք ՀՀ քաղաքացիների, 61 դեպք օտարերկրյա քաղաքացիների շրջանում։ Նրանցից 70 տոկոսը տղամարդիկ են, 30 տոկոսը՝ կանայք։ Առավել մեծ խումբ կազմում են 25-39 տարեկանները։ Մարզերից էլ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է, որին հաջորդում է Լոռին, այնուհետև Գեղարքունիքը»,-ասաց Ստեփան Աթոյանն՝ ավելացնելով, որ Հայաստանը գտնվում է հիվանդության ցածր տարածվածության գոտում։
Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետազոտությունն ու բուժման ամբողջ ընթացքն անվճար է թե ՀՀ քաղաքացիների, թե օտարերկրացիների համար։ Ստեփան Աթոյանը նշեց, որ աշխատանքների ապակենտրոնացման շնորհիվ փորձում են բուժծառայությունները հասանելի դարձնել նաև մարզերում։ Շարժական կլինիկաներն այցելում են մարզեր, ռիսկի խմբերում իրականացնում են անվճար հետազոտություններ, խորհրդատվություն։ Դրանից բացի, մարզային 83 բուժհաստատությունում հասանելի է ՄԻԱՎ-ի, հեպատիտների անվճար թեստավորում։ Աշխատանքներ են տարվում դեղերի հասանելիությունն ապահովելու համար, որպեսզի հեռավոր մարզերից քաղաքացիները ստիպված չլինեն հասնել Երևան։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, կանխարգելման գործում կարևորվում է միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը։ ՀՀ ԱՆ «Գլոբալ հիմնադրամ»-ի ծրագրի իրականացման թիմի ղեկավար Ինեսսա Ասմանգուլյանը նշեց, որ 2006 թվականից ի վեր հիմնադրամը մոտ 86 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել երկրին։ Ներկայում ևս առկա է գործող դրամաշնորհ, որն ուղղորդվել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցության ծրագրերին՝ սոցիալական, հոգեբանական, իրավաբանական, խոչընդոտների վերացման, խորհրդատվական, կանխարգելման ծառայություններ։
«Տարիներ ի վեր «Գլոբալ հիմնադրամ»-ի դրամաշնորհներին մասնակցում է նաև պետությունը, որն ունի իր մասնաբաժինը ու այն գնալով մեծացնում է։ Մեկ օրինակ ներկայացնեմ՝ նախկինում անհրաժեշտ դեղամիջոցները ձեռք էին բերվում հիմնադրամի աջակցությամբ, հիմա պետությունը դա վերցրել է իր վրա։ Պետությունը զարգացնում է իր կարողությունները, ընդլայնում է հնարավորությունները՝ կանխարգելման աշխատանքներն ուժեղացնելու համար»,-ասաց Ինեսսա Ասմանգուլյանը։
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանի խոսքով՝ այս ամբողջ աշխատանքներում շատ կարևոր է համայնքային կառույցների, հասարակական կազմակերպությունների դերն ուժեղացնելը, նրանց կարողությունները զարգացնելը։ Ռոզա Բաբայանը նշեց, որ այս օրերին ուշադրության կենտրոնում են նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածները։
«Ունենք նաև շահառուներ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում։ Ցավոք, այդ իրավիճակում գտնվելով, շատերը մասամբ չեն ստացել դեղերը։ Ասեմ, որ բոլորի հետ կարողացել ենք կապը հաստատել, արդեն նրանք վերահսկվում են Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի կողմից, փորձում ենք հնարավորինս աջակցել»,-ասաց Ռոզա Բաբայանը։
Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։