Սամվել Բաբայանը մեղադրում է Հայաստանի իշխանությանն Արցախը հանձնելու մեջ
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Նիստից առաջ նա պատասխանեց լրագրողների հարցերին։
Լրագրողները Սամվել Բաբայանից հետաքրքրվեցին՝ ո՞վ հանձնեց Արցախը, ինչին ի պատասխան՝ նա ասաց.
«Արցախը մենք բոլորս միասին հանձնեցինք Ադրբեջանին»։
Լրագրողի դիտարկմանը, որ Արցախն ինքը չի հանձնել, Սամվել Բաբայանը հակադարձեց.
«Դուք էլ եք հանձնել, որ 20 տարի այդ Արցախը խեղել եք, չեք թողել՝ որևիցե մի բան արվի՝ իշխանության հետ միասին»։
Թե իշխանություն ասելով՝ ո՞ւմ նկատի ունի հարցին՝ Սամվել Բաբայանը պատասխանեց՝ Արցախի, Հայաստանի իշխանություններին՝ ժողովրդի հետ միասին։
Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՞ն էլ նկատի ունի այդ ցանկում, Բաբայանը պատասխանեց. «Այո՛, բոլորին»։
Ճշտող հարցին՝ ուղիղ մեղադրո՞ւմ է Հայաստանի իշխանությանն Արցախը հանձնելու մեջ, Բաբայանը պատասխանեց.
«Իհա՛րկե, բա հո ձեզ չե՞մ մեղադրելու»։
Նա նաև տեղեկացրեց, որ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հետ չի հանդիպել, չգիտի, թե ինչ են պատրաստվում անել Արցախի իշխանությունները։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում