
ՀԲ տարածաշրջանային տնօրենը ՀՀ փոխվարչապետին է ներկայացրել համագործակցության հնարավոր ուղղությունները և գործիքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին:
Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հիմնական կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից մշակված ծրագրերը:
«ՀԲ տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է Հայաստանին աջակցելու ՀԲ պատրաստակամությունը և ներկայացրել համագործակցության հնարավոր ուղղություններն ու գործիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել մասնավորապես Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման և հանրային կառավարման բարեփոխումների շուրջ:
Նշվում է, որ Մհեր Գրիգորյանը հանդիպման շրջանակներում ՀԲ տարածաշրջանային տնօրենին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, դրա հիմնական նպատակներն ու դրա իրագործման պարագայում տարածաշրջանի զարգացման միտումները: