31 գյուղի տարածքներն ամբողջությամբ կամ մասնակի գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հեգնեց ռուս խաղաղապահների տարածած հաղորդագրությունները, ըստ որոնց՝ Արցախում ամեն ինչ նորմալ է, որևէ կրակոց չի եղել։

«Արցախում մնացած 50 հոգի հայերի մասին է խոսքը, վստահ էլ չեմ, որ 50 հոգի են մնացել։ Եթե արցախահայությունը վերադառնալու լիներ, ապա խաղաղապահները չէին թողնի, որ մեկ օրվա ընթացքում փախնեին»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահը չմեկնաբանեց այն, որ ամռանն ադրբեջանական պետական հեռուստատեսությամբ  Կոնդում արված նկարահանումներով ռեպորտաժ է  հեռարձակվել, նշելով, թե ճիշտ չէ, որ ինքը մեկնաբանի պրոպագանդան, մանավանդ, որ  ո՛չ տեսել է, ո՛չ էլ պարզել, թե ովքեր են եղել։

«Այո, գալու է ժամանակ, և դա ինքնաբերաբար է լինելու, որ հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն իրար կողք կողքի։ Պետք է առևտուր անեն, չեմ բացառում, որ ինչ-որ մարդիկ վերադառնան Ադրբեջանի տարածք իրենց տներ, լինեն ադրբեջանցիներ, որ գան Հայաստան ու բնակություն հաստատեն։ Խաղաղության պայմանագրի մեջ անձամբ ես նման կետ չեմ նկատել։ Խաղաղության պայմանագիրն ամբողջովին հիմնված է միջազգային սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականության, կոմունիկացիաների բացման»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է հնարավոր էսկալացիայի մասին կանխատեսումներին և զգուշացումներին, Ալեն Սիմոնյանն ասաց՝ էսկալացիայի հնարավորություն մշտապես տեսնում են, որովհետև բազմաթիվ օրինակներ կան, երբ նույն 2022 թվականի օգոստոսի վերջին հանդիպումը տեղի ունեցավ, հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի դեմ։

«Երբևիցե մենք որևէ բան չենք կարող բացառել, քաղաքական գործիչը չի կարող որևէ բան բացառել, և ԱՄՆ-ի զգուշացումը նաև դրան է միտված, որովհետև հայկական կողմն ամենայն անկեղծությամբ գնում է խաղաղության»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ «Զանգեզուրի միջանցքի» հարց գոյություն չունի, բայց խաղաղության պայմանագրի կարևոր կետերից մեկը կոմունիկացիաների բացումն է, որը պետք է տեղի ունենա միջազգային 4 սկզբունքների հիման վրա, որի մասին բազմիցս խոսել են:

ԱՄՆ պետքարտուղարի՝ Փաշինյանի և Ալիևի հետ վերջին հեռախոսազրույցի և այդ համատեքստում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին էլ Ալեն Սիմոնյանն ասաց, որ եզակի հարցերից է, որի վերաբերյալ տեղեկատվություն չունի։ Նաև չի կարող ասել, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի խուսափելը տարբեր ձևաչափերով հանդիպումներից, հետևաբար՝ չի հասկանում, թե ժամանակ ձգելն ինչ է տալու Ադրբեջանին և տարածաշրջանին։

«Ես վստահ եմ, որ եթե դրա հնարավորությունը լինի, իրենք կուզենան, որ Հայաստանն առհասարակ չլինի, սա այլ խոսակցություն է՝ ոչ մեկը չի կարող ասել, որ նման բան չկա։

Կասպից ծովի մակարդակը բարձրանում ու իջնում է, Ադրբեջանի տարածքն էլ կարող է փոխվել, բայց «կարմիր գիծը» գծված է՝ ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ կտոր չի հանդուրժվելու։ Իրենք խոսում են 4 գյուղերի մասին, բայց մենք ունենք 31 գյուղ, որոնց տարածքները կա՛մ ամբողջությամբ, կա՛մ ինչ-որ մասը գտնվում է իրենց օկուպացիայի տակ»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս