Բաժիններ՝

Մարդկային տրամաբանությունը՝ որդեծնության մասին Աստծո կամքի վերաբերյալ

Հաճախ ինձ դիմող ամուսինները կիսվում են որդեծնության վերաբերյալ իրենց անհանգստությամբ և իմ կարծիքն են հարցնում: Որոշ ամուսնական զույգեր ցանկանում են մեկ-երկու երեխա ունենալ, իսկ մյուսները երազում են բազմազավակ ծնող դառնալու մասին: Սակայն լավ կլինի, որ զավակ ունենալու հարցը նրանք Աստծուն թողնեն: Ամուսինները պետք է իրենց կյանքն Աստվածային նախախնամությանը վստահեն և սեփական ծրագրեր չկազմեն: Նրանք պետք է հավատան, որ Աստված, որ հոգ է տանում երկնքի թռչունների մասին, շատ ավելի մեծ հոգածությամբ պիտի վերաբերվի իրենց զավակներին:

Հիշում եմ մի նավաստու, որն ամուսնացել էր ընդամենը տասնութ տարեկանում: Եվ ինքն էր աղքատ, և կին էր ընտրել աղքատ ընտանիքից: Նրանք մի ինչ-որ նկուղ էին վարձել ու ապրում էին այնտեղ: Նրա կինն էլ էր շատ փոքր վարձատրությամբ աշխատում և նրանք շատ սուղ միջոցներով էին ապրում: Պատկերացրեք, որ սեղանի փոխարեն դեղձի արկղ էր դրված, որ մի ժամանակ երջանկություն էին ունեցել գնելու: Այնուհետև ծնվեցին նրանց երեխաները: Նրանց մեծացնելու համար նրանք շատ էին աշխատում, բայց մի կերպ էին ծայրը ծայրին հասցնում: Սակայն, աստիճանաբար նրանք հարստացան և սկսեցին լավ ապրել:

Ամուսիններ կան, որ առաջին հերթին փորձում են այլ խնդիրները լուծել և այնուհետև միայն սկսում են մտածել երեխաների մասին: Այդպիսի մարդիկ ընդհանրապես հաշվի չեն նստում Աստծո հետ: Իսկ այլ ամուսնական զույգեր ասում են. «Այսօրվա կյանքը հեշտ չէ: Թող միայն մի երեխա ունենանք, բավական է: Դեռ պետք է փորձել այդ մեկին մեծացնել»: Եվ ուրիշ երեխաներ չեն ծնում: Այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչ մեղք են գործում` այդպես մտածելով, վստահությամբ չհենվելով Աստծո վրա: Աստված «սրտացավ» է: Նա հեշտությամբ կարող է դադարեցնել ամուսիններին երեխա պարգևելը, եթե տեսնի, որ արդեն նրանց ուժերից վեր է երեխա մեծացնելը:

Շատերն են ձգտում ամուսնանալ, առանց մտածելու այն մասին, որ երեխաների ծնունդն ու նրանց դաստիարակությունը քրիստոնեական ոգով` պետք է ամուսնական կյանքի նպատակը լինի: Մարդիկ չեն կամենում շատ երեխա ունենալ, որպեսզի չծանրաբեռնվեն հոգսերով, իսկ հետո տանը շուն ու կատու են պահում: Ինձ պատմել են, որ հիմա Ամերիկայում* շների փոխարեն մարդիկ շատ թանկ ցեղատեսակի խոզուկներ են պահում: Այդ խոզուկներն այդպես էլ փոքր են մնում, չեն աճում: Նրանց հատուկ են այդ կերպ սերել, որպեսզի հնարավոր լինի բնակարաններում պահել: Մարդիկ չեն ուզում երեխաներ ունենալ, որովհետև հոգսաշատ է նրանց լողացնելը, խնամելը: Իսկ ի՞նչ է, այդ խոզուկներին չե՞ն լողացնում: Շունն էլի ինչ-որ չափով հասկանալի է, այն պահապան է: Բայց տանը խոզ պահել… Սարսափելի բան է: Երբ Ավստրալիայում էի** «ծերանոցներ» տեսա շների ու կատուների համար:

Կարդացեք նաև

Այնտեղ նույնիսկ կենդանիների գերեզմանոցներ կային: Ամեն ինչ տանում է նրան, որ մարդիկ կսկսեն մկներ բազմացնել ու պահածոյացնել, որպեսզի կատուներին կերակրեն, իսկ նապաստակներին կբազմացնեն ու կպահածոյացնեն շների համար: Եվ այդ ընթացքում այլ մարդիկ կշարունակեն սովամահ լինել: Ու տե՛ս, եթե ինչ-որ մեկը շուն սպանի, ապա բացառված չէ, որ դրա համար շատ ավելի վճարի, քան ասենք, թե մարդասպանության համար (իհարկե կախված է նրանից, թե ում էր պատկանում այդ շունը): Ահա՛ թե ուր ենք մենք հասել…

Մեր օրերում մարդն ավելի էժան է, քան` շունը: Ես զարմանում եմ, թե ինչ են ասում որոշ հոգևորականներ: Մի անգամ իմ խուց եկան մի խումբ ուխտավորներ և հարցրեցին ինձ. «Հա՛յր, մի՞թե Սուրբ Հովհան Ոսկեբերանը որևէ տեղ գրում է, որ ամուսինները չպետք է երեխաներ ծնեն»: «Այդ ինչե՞ր եք ասում,- զարմացա ես,- որտե՞ղ եք նման բան լսել»: «Ահա՛,- ասում են,- Հայր այսինչն է մեզ ասել»:

Երբ հանդիպեցի այդ հոգևորականին, հարցրեցի. «Ի՞նչ է, դու իսկապես նրանց այդպես ես ասել»:

«Այո»,- պատասխանեց նա: «Որտե՞ղ ես նման բան կարդացել»: «Սուրբ Հովհան Ոսկեբերանն է ասում այդ մասին իր «Կուսության մասին խոսք»-ում»,- պատասխանեց նա:

«Լսի՛ր,- ասում եմ նրան,- ես Սուրբ Հովհան Ոսկեբերանի մոտ նման բան չեմ կարդացել, բացի այդ Սուրբը չի կարող այդպիսի բաներ ասել:

Նա ինչ-որ այլ բան ի նկատի ունի: Գիրքն ինձ բեր, որպեսզի տեսնեմ, թե ինչ է գրված այնտեղ»: Նա բերում է գիրքն ու ցույց տալիս տեղը:

Սկսում եմ կարդալ ու տեսնում եմ, որ Սուրբը հետևյալն է գրում. «Այժմ մարդիկ բազմացել են և դուք հնարավորություն ունեք նաև կուսության մեջ ապրելու, քանի որ առաջվա պես չէ, երբ մարդիկ պետք է իրենց ետևից սերունդ թողնեին»***: Այսինքն Սուրբը չի ասում «երեխաներ մի՛ ծնեք»: Բայց այդ հայրն իրենն էր պնդում: Հոգևորական, որ աստվածաբանական կրթություն է ստացել, սակայն այդպիսի անհեթեթություն է ասում: Նա ուզում է կարդացած երևալ, ցույց տալ, որ ինքը Հովհան Ոսկեբերանի աստվածաբանական ժառանգության ուսումնասիրողն է, որպեսզի մարդիկ իրեն լավ հոգևորական համարեն: Գիտե՞ք, թե ինչպիսի վնաս են հասցնում այդպիսի աղավաղված մեկնությունները այն մարդկանց, ովքեր ցանկանում են խաղաղություն գտնել իրենց մտքերի համար:

Աշխարհիկ կյանքով ապրող շատ մարդկանց համար այսօր ընտանիքը զրկվել է իմաստից: Այդ պաըճառով էլ այդպիսի մարդիկ չեն ամուսնանում, կամ էլ թե ամուսնանալով` խուսափում են որդեծնությունից, կամ սպանում` իրենց երեխաներին աբորտների միջոցով, այդպիսով արմատախիլ անելով իրենց տոհմը: Այսինքն ոչ թե Աստված է ոչնչացնում մարդկանց, այլ մարդիկ իրենք են իրենց ոչնչացնում: Իսկ հավատացյալ մարդիկ, ովքեր հետևում են Աստծո պատվիրաններին` ընդունում են Աստվածային Բարեշնորհությունը, քանի որ, եթե կարելի է այդպես արտահայտվել, Աստված պարտավոր է օգնել նրանց այս ծանր ժամանակներում, որ մենք ապրում ենք: Մենք տեսնում ենք ընտանիքատեր քրիստոնյաների, որոնք որքան երեխա էլ, որ Աստված տա նրանց, դաստիարակում են Աստծո երկյուղածությամբ:

Եվ այդպիսի ծնողների բոլոր երեխաներն էլ հավասարակշռված և ուրախ են լինում: Այդ երեխաներն Աստծո օրհնությունն են: Նրանք մեծանալով` լավ, ջանասեր ու եռանդուն մարդիկ են դառնում: Ահա մենք բոլորս ասում ենք. «Ի՞նչ է լինելու այս աշխարհի վերջը», սակայն միևնույն ժամանակ տեսնում ենք, որ Աստծո բարեխնամությամբ այսօր բարի սերունդ է աճում: Սատանան փորձում է ամեն ինչ կործանել, սակայն Բարեգութ Աստված նույնպես գործում է: Նա թույլ չի տա, որպեսզի մեր ազգն անհետանա երկրի երեսից:

* Արտասանվել է 1990թ.-ի նոյեմբերին:

** Եկեղեցու հրավերով 1977թ.-ին հայրն այցելեց Ավստրալիա, որպեսզի հոգևոր աջակցություն ցույց տա այնտեղ ապրող ուղղափառ հույներին:

*** Տե՛ս Սուրբ Հովհան Ոսկեբերան, Կուսության մասին 17, PG 48, 546:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս