Իլոն Մասկը երկուշաբթի կհանդիպի Իսրայելի վարչապետի և նախագահի հետ
Ամերիկացի միլիարդատեր և գյուտարար Իլոն Մասկը, որին նախկինում մեղադրում էին հակասեմականության մեջ, երկուշաբթի օրը Իսրայելում կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի և երկրի նախագահ Իցհակ Հերցոգի հետ, հայտնում է իսրայելական 12-րդ ալիքը։
Իսրայելական աղբյուրը հաստատել է Մասկի առաջիկա այցը Իսրայել:
Նաթանյահուն սեպտեմբերի 18-ին Կալիֆորնիայում հանդիպել էր Մասկի հետ և հորդորել նրան հավասարակշռություն գտնել խոսքի ազատության պաշտպանության և ատելության խոսքի դեմ պայքարի միջև X-ի հակասեմական բովանդակության շուրջ շաբաթներ շարունակվող վեճերից հետո:
Մասկը պատասխանել էր, որ դեմ է հակասեմականությանը և այն ամենին, ինչը «խրախուսում է ատելությունն ու հակամարտությունները», կրկնելով իր նախկին հայտարարություններն այն մասին, որ X-ը ատելության խոսք չի քարոզելու։
Այնուհետև նոյեմբերի 15-ին Մասկը համաձայնություն էր հայտնել X սոցիալական ցանցում հրապարակված գրառմանը, որում ասվում էր, որ հրեաները «ատելություն են հրահրում սպիտակամորթների նկատմամբ», ասելով, որ օգտատերը, որն այս պնդումն է անում, «մաքուր ճշմարտություն է ասում»:
Մասկի այս մեկնաբանությունը վրդովմունքի ալիք էր բարձրացել՝ դրդելով այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Apple Inc. և Walt Disney Co.-ն հետ կանչել Մասկի X պլատֆորմում տեղադրված իրենց գովազդը։