Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են միջոցառումների նախապատրաստական աշխատանքները
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը:
Արայիկ Հարությունյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, ընդգծել է Սերգեյ Փարաջանովի հոբելյանը պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են անվանի կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հոբելյանական միջոցառումների ցանկը, որի շրջանակում նախատեսված են ավելի քան 30 ծրագրեր: Հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու հաջորդ տարի. մեկնարկը տրվելու է 2024 թ. հունվարին:
Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Մասնավորապես, միջազգային գիտական կոնֆերանս, գիտական մենագրության հրատարակություն, ֆիլմերի ցուցադրություններ, Սերգեյ Փարաջանովին նվիրված կրթամշակութային հանդես, թատերական բալետային, պարային ներկայացումներ, ֆոտոցուցահանդես և այլն: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը՝ 2024 թ-ի հունվարի 9-ին:
Մտքեր են փոխանակվել միջոցառումների ժամանակացույցին, ձևաչափերին առնչվող մի շարք հարցերի շուրջ, քննարկվել են կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:
Արայիկ Հարությունյանը Սերգեյ Փարաջանովի հոբելյանական տարին ամենաբարձր մակարդակով անցկացնելու համատեքստում կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված, արդյունավետ աշխատանքը: