Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից կատարված խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել 12 մարդու

Պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց և նրանց կողմնակիցների կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում կատարված խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, մանրամասնելով, որ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 17-ին քաղաքացու ահազանգի հիման վրա Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոց ժամանած Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել և հարվածներ են հասցրել միմյանց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրվա ընթացքում հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել Երևան քաղաքում բնակվող 12 անձինք։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա․ Մ․-ն 2023 թ․ նոյեմբերի 17-ին ժամը 16:00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում, մի խումբ անձանց հետ, վիճաբանել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի՝ Վ․Ա․-ի և վերջինիս՝ ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ կողմնակիցների հետ։ Վիճաբանության ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, խախտել մարդկանց անդորրը և խոչընդոտել տրանսպորտային միջոցների բնականոն երթևեկությունը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ա․ Մ․-ի և մյուս 11 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։ Վերջիններիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձին՝ Վ․Ա․-ին, հայտնաբերելու, խուլիգանության միջադեպին առերևույթ մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, բոլորին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս