Հայաստանի նոր մարտահրավերները Բրյուսելում․ ինչի՞ է պատրաստվում Բաքուն

Չնայած պաշտոնական Բաքուն հրաժարվեց նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում կազմակերպվելիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից՝ հայտարարելով վաշինգտոնյան հարթակն այլևս անընդունելի, Վաշինգտոնը շարունակում է հայտարարել, թե պատրաստ է նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, և շարունակում է ներգրավել երկու երկրների ղեկավարությանը՝ հասնելու տևական ու ամուր խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Ըստ նրա, կարևոր է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն քննարկեն և լուծեն հարցեր՝ ի շահ տարածաշրջանի։

«Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկում են նպաստել այդ բանակցություններին: Մենք ողջունում ենք այդ ջանքերը»,- ասել է Միլլերը։ ԵՄ-ն ևս շարունակում է ակտիվ հայտարարություններ անել թեմայի վերաբերյալ՝ հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ Բաքուն ընդունում է Բրյուսելի միջնորդությունը՝ ի տարբերություն Վաշինգտոնի։ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները, մինչդեռ Բաքուն այդ մասին հավաստիացումներից բացի՝ պետք է նաև քայլեր ձեռնարկի՝ գործով ապացուցելու համար։ «Տպավորություն է, ասես Գրանադայի հանդիպումից հետո, որին Իլհամ Ալիևը չմասնակցեց, մենք կորցրել ենք հաջողության հասնելու պահը»,- ասել է Կլաարը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն իր հերթին ասել է, որ Երևանը պետք է հասկանա, որ խաղաղության հիմքը տարածաշրջանում է, այլ ոչ թե՝ Վաշինգտոնում։

«Հայաստանից հստակ գաղափարներ ենք ակնկալում. Հայաստանը դեռևս նայում է տարածաշրջանից այն կողմ, երբ խոսքը գնում է խաղաղության պայմանագրի մասին: Երրորդ կողմերի օրակարգն այստեղ բերելու փոխարեն՝ անհրաժեշտ է պատասխանատվություն ստանձնել տարածաշրջանի համար և առաջ շարժվել խաղաղության պայմանագրի բանակցություններում։ Գնդակն այս պահին Հայաստանի դարպասում է»,- ընդգծել է Հաջիևը։

ՀՀ իշխանությունները ևս բազմաթիվ հայտարարություններ են անում, իրենց աջակցությունը հայտնելով Բրյուսելի և Վաշինգտոնի ջանքերին, մերժելով Մոսկվայի միջնորդական նախաձեռնությունները, զուգահեռաբար խոստովանելով, որ ռեգիոնում կա իրավիճակի էսկալացիայի մեծ վտանգ։

Իրականում Հայաստան-Ադրբեջան գործընթացի վերաբերյալ աշխարհաքաղաքական կենտրոնների հայտարարությունների պակաս ամենևին էլ չկա։ Եվ այսօր հայտնի դարձավ, որ Երևանը հերթական անգամ պատասխանել է ադրբեջանական կողմի ուղարկած Խաղաղության պայմանագրի փաթեթի առաջարկներին սեփական առաջարկներով։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում արտասովոր որակեց ստեղծված գործընթացը բանակցությունների շուրջ։

Նա նշեց, որ Բաքուն ուշագրավ քաղաքականություն է վարում, որը փակում է Վաշինգտոնի դուռը, սակայն բաց է պահում Բրյուսելինը։

«Չի բացառվում, որ Երևանը մինչև վերջ հրաժարվի բանակցություններից Մոսկվայում, դա իսկապես հնարավոր է, սակայն Ալիևը պատրաստվում է Փաշինյանից առավելության հասնել նաև արևմտյան հարթակում, հերթական անգամ իր այս հրաժարմամբ բարձրացնելով Ադրբեջանի գինն Արևմուտքի համար։ Շատ ավելի հավանական է, որ՝ հասկանալով Ադրբեջանի ու Հայաստանի դիրքորոշումների բնույթը, Արևմուտքն ավելի հեշտորեն համաձայնություններ կորզի Հայաստանից ինչ-որ երևակայական խոստումների դիմաց, քան Ադրբեջանից, ինչը նշանակում է, որ չի բացառվում փաստաթուղթ նաև Բրյուսելում, որը կարող է լինել առավելապես Ադրբեջանի պայմաններով, ներկայումս Ադրբեջանը դա ստանալու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում՝ բոյկոտելով Վաշինգտոնին։ Իսկ Արևմուտքը շտապում է, շտապում է նաև Վաշինգտոնը, առջևում կան նախագահական ընտրություններ, շատ բան կարող է փոխվել, ուստի գործընթացները կարող են ընթանալ այս ուղղությամբ, հատկապես, երբ Արևմուտքում խոստովանում են, որ որևէ ճնշում չեն բանեցնի Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց Տարասովը՝ հավելելով, որ Ադրբեջանը բավականին համարձակ է գործում։

Նա նաև ուշադրություն հրավիրեց Ադրբեջանից հնչող այն հայտարարությունների վրա, որ խաղաղությունը տարածաշրջանում է, ոչ թե դրանից դուրս։

«Բաքուն պատրաստ է երկու սցենարներին։ Բաքուն պատրաստ է բանակցել և Մոսկվայում հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների ֆոնին, և Արևմուտքում, իսկ իր այս հայտարարություններով Արևմուտքում տագնապ է հարուցում, որ իսկապես պահը կարող է կորսվել, ինչպես կարծում է Տոյվո Կլաարը։ Վաշինգտոնին Բաքուն դուրս է դնում բանակցություններից՝ համարելով, որ այդ հարաբերությունները վերականգնվող են, ներկա վիճակը ժամանակավոր է լինելու, քանի որ առջևում ընտրություններ են։ Ինչպես Իրանի դեպքում, որոշ ժամանակ անց ԱՄՆ-ի հետ ևս Ադրբեջանը կարող է կարգավորել իր հարաբերությունները»,- ասաց վերլուծաբանը։

Վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին գտնում է, որ աշխարհաքաղաքական նման բարդ իրավիճակում բնական է, երբ նման միջազգայնացված հակամարտության կողմերը փորձում են աշխարհաքաղաքական առճակատումից պլյուսներ ստանալ։

«Սա մարտահրավերային իրավիճակ է Հայաստանի համար, որին Մոսկվան չի աջակցում և չի աջակցել երբևէ, ինչպես իր մյուս բոլոր գործընկերներին, սակայն կա նաև Արևմուտքի և ռեալ անվտանգային գործընկերների անհրաժեշտության խնդիրը, քանի դեռ ՀՀ անվտանգային համակարգը լիովին չի վերականգնվել պատերազմից հետո։

Բնականաբար, անվտանգության հարցում թուլությունը, ինչպես նաև ուժեղությունը թելադրող հանգամանք է թե բանակցություններում հակառակորդի, թե գործընկերների և միջնորդների հետ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս