Ցավում եմ, որ Ցեղասպանության հուշահամալիրից մի քանի հարյուր մետր այն կողմ մենք ստիպված ենք առերեսվել պատմության կրկնության հետ 21-րդ դարում. ԱԺ նախագահ

«Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համար մեծագույն պատիվ է հյուրընկալել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Երախտագիտություն եմ հայտնում նստաշրջանը Երևանում հյուրընկալելու մեր հրավերն ընդունելու կապակցությամբ։ Այս տարվա ԵԱՀԿ նախագահության կարգախոսն ամբողջությամբ ընդգծում է այն արժեքը, որի վրա պետք է սևեռված լինի մեր բոլորի ուշադրությունը։ Այն է՝ «Սա մարդկանց մասին է»»,- այսօր Երևանում մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ ասաց Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանն իր բացման խոսքի ժամանակ:

Վերջինս նշեց նաև, որ ցավալիորեն ԵԱՀԿ ողջ տարածաշրջանը շարունակում է ցնցվել հակամարտություններից, և միլիոնավոր մարդիկ տառապում են պատերազմի և հումանիտար ճգնաժամերի հետևանքով, և այս խորհրդարանական համաժողովի քննարկման, և բանավեճի թեման իսկապես չափազանց կարևոր է՝ ո՞րն է մեր դերը ճգնաժամի այս օրերին, և ինչպե՞ս ենք մենք պատրաստվում հակազդել ներքին և արտաքին մարտահրավերներին։

«Ցավոք, Հարավային Կովկասը ևս, արդեն տասնամյակներ շարունակ և հատկապես վերջին տարիներին, բախվում է անվտանգային լուրջ մարտահրավերների, և Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ ու այս տարածաշրջանի դերակատար, փորձում է գտնել այն բանաձևը, որը հնարավորություն կտա մեր տարածաշրջանի երկրներին խաղաղ գոյակցել և այստեղ ապրող մարդկանց զերծ պահել տառապանքներից։ Այդ բանաձևի կարևորագույն բաղադրիչներից մեկը ժողովրդավարությունն է։ 2018 թ. թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից հետո ժողովրդավարական բարեփոխումները և ժողովրդավարական արժեքների ընկալումը մեր երկրում դարձել են անշրջելի։ Հայաստանը վստահ քայլում է այդ ուղղությամբ այն ընկալմամբ, որ ժողովրդավարությունը նաև անվտանգության կարևորագույն երաշխիք է։ Այս գործընթացը բավականին բարդ է, սակայն մենք իրականացրել ենք լայնածավալ բարեփոխումներ՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և արժեքները։ Այդ բարեփոխումների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում կոռուպցիայի դեմ պայքարը, որը լինելու է այս համաժողովի քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Մենք վճռական ենք հաղթահարելու բոլոր խոչընդոտներն ու արգելքները և շարունակելու Հայաստանի ժողովրդավարացման ուղին»,- ասաց ԱԺ նախագահը:

Նրա խոսքով՝ ցավալիորեն մեր տարածաշրջանում ժողովրդավարությունը չափազանց խոցելի է արտաքին մարտահրավերների կողմից, և ինքը ցանկանում է այս հնարավորությունն օգտագործել ևս մեկ անգամ պատվիրակների ուշադրությունը հրավիրելու Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային սպառնալիքներին և տիրող իրավիճակին։

Կարդացեք նաև

«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 2023 թ. Վանկուվերի հռչակագրում դուք, հարգելի գործընկերներ, շատ հստակ և աներկբա ամրագրել էիք ձեր դիրքորոշումը, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, սակայն հռչակագրի ընդունումից հետո տարածաշրջանում անվտանգային իրավիճակը վատթարացել է։ Այս տարվա սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը։ Ես և իմ մի շարք գործընկերներ երկար ժամանակ ահազանգել ենք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հեռանկարը գնալով ավելի ու ավելի իրատեսական է դառնում՝ 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումից հետո։ Սակայն միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, և մենք ունենք այն, ինչ ունենք այսօր։ Ինձ համար չափազանց ցավալի է այս արձանագրումն անել այս դահլիճում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ փոխանակ վերարժեվորելու մեր ժողովրդի պատմությունը և վերապրած փորձություններն ու նայելու առաջ, մենք ստիպված ենք առերեսվել պատմության գրեթե նույնական կրկնության՝ 21-րդ դարում։ Հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված հայերի հումանիտար խնդիրները ևս կդառնան այս վեհաժողովի քննարկման առարկա»,- իր ելույթում ասաց Ալեն Սիմոնյանը:

Հաջորդիվ վերջինս շեշտեց, որ իրենց իշխանությունը չի ընկրկում դժվարությունների առաջ, և Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է խաղաղության օրակարգ՝ առաջարկելով տարածաշրջանի բոլոր երկրներին կարգավորել հարաբերությունները և համագործակցել։

«Մենք՝ Հայաստանի կառավարությունը, իր ժողովրդից ստացել է մանդատ` խաղաղություն բերելու և ապագա սերունդների համար խաղաղ համակեցության դարաշրջանը հնարավոր դարձնելու համար: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում, և ավելորդ է ասել, որ հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ: Այն բոլոր դժվարություններից հետո, որոնց միջով անցել են Հարավային Կովկասի ժողովուրդները վերջին տասնամյակներում, այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ և սահմանների ու կոմունիկացիաների բացմամբ և առանց նախապայմանների ներգրավվել է բանակցությունների մեջ։ Ես մեծ հույս ունեմ, որ այս բանակցությունները տեսանելի ապագայում կտան ցանկալի արդյունքներ։ Մեր տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, և Հայաստանի Հանրապետության տեսլականը լավագույնս արտահայտված է «Խաղաղության Խաչմերուկ» անունը կրող նախագծում, որը պետք է արտահայտվի հետևյալ կերպ. տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, ճանապարհներով և ենթակառուցվածքներով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերով, կուտակել են բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության գործիքներով լուծելու փորձ ու ավանդույթ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նշեց՝ իրենք աջակցության հույս ունեն ոչ միայն տարածաշրջանային երկրներից, այլև միջազգային գործընկերներից և հանրությունից, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանն իրապես դարձնեն խաղաղության խաչմերուկ։

«Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ մեր երկրում։ Մաղթում եմ Ձեզ արդյունավետ նիստ։ Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում այս սրահում և նրա պատերից դուրս կունենաք հաճելի շփումներ և հետաքրքիր քննարկումներ, որոնք կբխեն մեր երկրների բոլոր քաղաքացիների հետաքրքրություններից և շահերից»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս